Մայիսի 1-ից 5-ը Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համատեղ մարտական կրակով մարտավարական զորավարժություն են անցկացնելու Ադրբեջանի տարածքում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Զորավարժության մասնակցելու համար ապրիլի 21-ին Ադրբեջան է ժամանել Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը, որին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի բազաներից մեկում դիմավորել են Ադրբեջանի ԶՈւ ՊՆ թիկունքի վարչության պետ, գնդապետ Մյունասիբ Բաբաևը և Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ Զաֆեր Օջաքը: Թուրքիայի ԶՈւ պատվիրակությունը ղեկավարում է գնդապետ Հաքան Աչըքգյոզը:
Զորավարժությանը մասնակցելու են երկու երկրների ԶՈւ անձնակազմ, զրահապատ տեխնիկա, հրետանային կայաններ և ականանետներ, Ադրբեջանի ՌՕՈւ ուղղաթիռներ, ինչպես նաև զինված ուժերի ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները:
Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժության նպատակն է համակարգել երկու երկրների զինված ուժերի գործողությունները՝ փորձի փոխանակման միջոցով, բարձրացնելու երկու երկրների զինված ուժերի փոխգործակցությունը, ինչպես նաև բարձրացնել տարբեր ստորաբաժանումների պատրաստությունը և գործողությունների մասնակցելու ընդունակությունները:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-21-ը Ադրբեջանը մեծամասշտաբ զորավարժություն է անցկացրել՝ 30 հազար զինծառայողների մասնակցությամբ: Զորավարժությանը ներգրավվել էին 200 միավոր հրթիռահրետանային միջոցներ, ավիացիա և անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա:
Արձագանքելով ադրբեջանական բանակի այս զորավարժությանը, հայկական կողմը հայտնել էր, որ, ինչպես և նախորդ տարի անցկացված խոշոր զորավարժության դեպքում, այս մեկը ևս անցկացվել է (1, 2) միջազգային պայմանավորվածությունների խախտումներով:
Ապրիլի 19-20-ին անցկացվել է զորավարժության մարտական կրակով ակտիվ փուլը: Կրակային վարժանքներին ներգրավվել էին նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ: