Սիրիան և Ռուսաստանը բանակցություններ են վարում Սիրիայի բանակին նոր ռազմական տեխնիկա, այդ թվում նաև հակաօդային պաշտպանության միջոցներ մատակարարելու համար: Այս մասին ապրիլի 21-ին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում:
Սիրիայի նախագահը ընդգծել է նաև, որ Սիրիան հետաքրքրված է հատկապես ՀՕՊ վերջին սերնդի միջոցներով:
«Իհարկե մեզ անհրաժեշտ է նոր ռազմական տեխնիկա, քանի որ պատերազմի ընթացքում դրանց մի մասը սպառվել է: Դա Սիրիայի և ՌԴ պաշտպանության նախարարությունների ամենօրյա քննարկումների մի մասն է»,-ասել է Ասադը:
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ Սիրիայի ԶՈւ սպառազինությունում առկա են Ս-200, «Բուկ» և այլ զենիթահրթիռային համալիրներ:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերին ՌԴ ԶՈւ հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային Ս-400 համակարգը տեղափոխվել է Սիրիա և տեղակայվել Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում: Այդ համակարգերի տեղակայման նպատակը Սիրիայում գործող ռուսաստանյան ավիացիայի անվտանգության ապահովումն է։ Բացի այդ, 2016-ի հոկտեմբերին Ռուսաստանը Սիրիայում տեղակայել է Ս-300ՎՄ «Անթեյ 2500» զենիթահրթիռային համակարգեր:
Հարցազրույցի ընթացքում Ասադը անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի «Շայրաթ» ավիաբազայի վրա արձակած հրթիռների խնդրին: Նա նշել է, որ ԱՄՆ-ն այդ գործելակերպը ցույց տվեց, որ Միացյալ Նահանգները չի կարող պահպանել իր խոստումները:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ռազմանավից Սիրիայի ԶՈւ «Շայրաթ» ավիաբազայի վրա 59 միավոր թևավոր հրթիռ էր արձակվել։ Ավիաբազան մեծ նյութական կորուստներ ունի: