Ապրիլի 21-ին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի համազորային բանակի հրետանային դիվիզիոնները և մարտկոցները ավարտել են մասշտաբային ճամբարային հավաքները, որոնք ուղեկցվել են շրջանի հետախուզական ստորաբաժանումների հետ մարտական կրակով զորավարժությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Վարժանքների ընթացքում մշակվել են պայմանական հակառակորդի թիրախների հայտնաբերման, դրանք կրակային դիրք փոխանցելու և կրակի ուղղորդման առաջադրանքներ:
Վարժանքների ընթացքում պայմանական հակառակորդի թիրախների հետխուզության և խոցման արդյունավետությունը բարձրացնելու համար օգտագործվել են ղեկավարման և կապի «Ստրելեց» համակարգեր: Բացի այդ, վարժանքներին ներգրավված են եղել «Գրադ» և «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ կայաններ, «Գիացինտ» և «Մստա-ՍՄ» ինքնագնաց հաուբիցներ և 120 մմ-ոց «Սանի» ականանետներ:
Զորավարժությունները անցկացվել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի համազորային բանակի շուրջ 10 զորավարժարաններում, այդ թվում Ռոստովի մարզում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Ղրիմում, Չեչնիայում, Հյուսիսային Օսիայում:
Ապրիլի 20-ին ճամբարային հավաքների շրջանակներում Կրասնոդարի երկրամասի «Մոլկինո» զորավարժարանում անցկացվել է շուրջ 30 մարտավարական վարժանք՝ մարտական կրակի կիրառմամբ, կատարվել է ավելի քանի 500 կրակային առաջադրանք: Հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Հրետանավորները տարբեր հեռավորություններից խոցել են պայմանական հակառակորդի թիրախները: Վարժանքների 50%-ը անցկացվել է գիշերային ժամերին:
Կրասնոդարում անցկացվող վարժանքներին ներգրավվել են «Գրադ-Մ» ՀԿՌԿ, «Մստա-Ս», «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ, «Ռապիրա» հակատանկային հրանոթներ, «Ֆագոտ» և «Պոդնոս» ականանետներ:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին մեկնարկած հարավային ռազմական շրջանի համազորային բանակի հրետանավորների ճամբարային հավաքներին ներգրավվել են շուրջ 2 հազար զինծառայող և ավելի քան 300 միավոր հրետանային և ռազմական այլ տեխնիկա: