Սիրիայում ահաբեկիչների դեմ մղած մարտերում սպանվել է իրանցի զինծառայող Յադոլլահ Թարմիմին: Այս մասին ապրիլի 2-ին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը: Թարմիմին եղել է Իրանի Գոլեսթան նահանգի բնակիչ:
Նույն գործակալությունը ապրիլի 7-ին հայտնում է Սիրիայում սպանված իրանցի մեկ այլ զինծառայողի՝ Մեհդի Շաքուրի մասին, ով նույնպես Գոլեսթան նահանգից էր: Ըստ գործակալության՝ Շաքուրին Սիրիայում սպանված գոլեսթանցի 13-րդ մարտիկն է արդեն:
Ապրիլի 6-ին իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը հայտնում է իրանցի զինծառայող Հեյդար Ջանաթիի սպանության մասին: Ջանաթին ծնունդով Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգից էր և ահաբեկչների դեմ պայքարելու համար արդեն մի քանի անգամ ուղարկվել էր Սիրիա:
Ապրիլի 10-ին գործակալությունը տեղեկացնում է Մոհամմադ Հոսեյն Մոմենիի սպանության մասին:
Իրանը ժխտում է Սիրիայում իր մարտական ստորաբաժանումների առկայությունը՝ հայտարարելով, որ այնտեղ զոհվող իրանցիները կամավորներ են, և Իրանը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ:
Սիրիայում Իրանի գործողությունները համակարգում է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը՝ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ:
Մարտին Իրանի շահիդների և վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում մինչև այժմ սպանվել է Իրանի կողմից ուղարկված 2100 մարտիկ։
Մահալաթին չէր մանրամասնել, թե այդ մարտիկները որ ազգության ներկայացուցիչներ են եղել։ Ըստ Reuters գործակալության` Իրանը Սիրիա է ուղարկում հիմնականում աֆղանցիներից և պակիստանցիներից կազմված ջոկատներ:
Մինչ այս՝ նոյեմբերին, Մահալաթին հայտարարել էր, որ միայն Սիրիայում Իրանի կողմից կռվող 1000-ից ավելի մարտիկ է զոհվել:
Ավելի վաղ՝ 2015թ. հունիսին հայտնի էր դարձել, որ Սիրիայում սպանվել է Իրանից ուղարկված շուրջ 400 մարտիկ՝ հիմնականում աֆղանցիներ: