Ապրիլի 14-ին Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի շահագործմանն է հանձնվել թուրքական ընկերությունների կողմից արտադրված և սպառազինված TCG Bayraktar (Բայրաքթար՝ «դրոշակակիր») ամֆիբիա դեսանտային նավը: Նավը նախատեսված է տանկեր տեղափոխելու համար: Այս մասին հայտնում է թուրքական մասնագիտացված «Դենիզ հաբեր» գործակալության կայքը:
«Բայրաքթար» դեսանտային նավը սպառազինվել է HAVELSAN ընկերության արտադրության ղեկավարման-վերահսկման, կրակի ղեկավարման համակարգերով:
Դեսանտային նավի մարտավարատեխնիկական բնութագրերը՝
- Երկարությունը — 139 մ,
- Լայնությունը — 19.6 մ,
- Ջրածավալը — 7,254 տոննա,
- Արագությունը — 18 հանգույց է (շուրջ 33 կմ/ժ)։
- Օգտակար բեռանտարողությունը — 1200 տ, (տանկ (օրինակ՝ Շուրջ 21 «Լեոպարդ-2», կամ 28-29 միավոր Տ-72 ), այլ զրահատեխնիկա),
- Կարող է տեղափոխել շուրջ 350 զինծառայող,
Բացի այդ, «Բայրաքթար» ամֆիբիա դեսանտային նավը մեկ լիցքավորմամբ ջրային տարածքում կարող է գործողություն իրականացնել շուրջ 30 օր` հաղթահարելով շուրջ 8 հազար կմ:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը 2011 թ. հայտարարել էր երկու նմանատիպ դեսանտային նավերի կառուցման մրցույթ: Նավերից երկրորդը՝ TCG Sancaktar դեսանտային նավը նախատեսվում է շահագործման հանձնել 2017 թ. վերջին: Նավերի կառուցումը մեկնարկել էր 2013 թվականից: