Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշորամասշտաբ զորավարժության կրակային փուլում Ադրբեջանի բանակի հրետանային, ՀՕՊ ստորաբաժանումները, ավիացիան, հատուկ նշանակության զորքերը և այլ ստորաբաժանումներ ուսումնամարտական վարժանքներ են իրականացրել զենքի և ռազմական տեխնիկայի կիրառմամբ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Ադրբեջանի ԶՈւ տարբեր զորավարժարաններում անցկացվել են մարտական կրակ վարելու, ստորաբաժանումների զորաշարժի առաջադրանքներ:
Ըստ Ադրբեջանի ՊՆ կայքի տարածած նկարների՝ զորավարժության կրակային փուլին ներգրավված է եղել հետևյալ ռազմական տեխնիկան.
- «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր,
- Տ-72 տանկեր,
- Դ-30 հաուբիցներ,
- «Մստա-Ս» ինքնագնաց հաուբից,
- «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր,
- ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ,
- ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ,
- Մի-24 ուղղաթիռներ,
- Սու-25 ինքնաթիռներ:
Ապրիլի 19-ին Ադրբեջանի ԶՈւ զորամիավորումների և ստորաբաժանումների հրամանատարները զեկուցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին իրավիճակի փոփոխության և հետագա քայլերի մասին:
Բացի այդ, Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունը տեղում ստուգել է ստորաբաժանումների և զորամասերի պրակտիկ հմտությունները:
Հիշեցնենք, որ 30 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունն Ադրբեջանում մեկնարկել է ապրիլի 16-ին: Մեծաթիվ անձնակազմից բացի, այս զորավարժությանը ներգրավված են նաև 200 միավոր հրթիռահրետանային միջոցներ, ավիացիա և անօդաչու թռչող սարքեր:
Ավելի վաղ, արձագանքելով ադրբեջանական բանակի այս զորավարժությանը, հայկական կողմը հայտնել է, որ այն անցկացվում է միջազգային պայմանավորվածությունների խախտումներով: (1, 2)