Սիրիան իր ԶՈւ ինքնաթիռները մոտեցրել է Սիրիայի Լաթաքիա նահանգում տեղեկայված «Հմեյմիմ» ավիաբազայի ՌԴ զինված ուժերի ավիախմբին, որպեսզի դրանք կարողանա հնարավորինս ապահովել ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հնարավոր հարվածներից: Այս մասին հայտնում է CNN լրատվակայքը՝ հղում անելով Միացյալ Նահանգներում իր ռազմական աղբյուրներին:
Լրատվակայքը նշում է, որ Սիրիայի կառավարությունը հաշվարկում է, որ «Հմեյմիմ» ավիաբազայի անմիջապես մոտակայքում Միացյալ Նահանգների ավիահարվածներ իրականացնելու հավանականությունն ավելի քիչ է: Դրանից զատ, ավիաբազայում, բացի ՌԴ ԶՈւ ավիացիայից, տեղակայված են նաև ՀՕՊ համակարգեր:
Նշվում է, որ տեղափոխվել են Սիրիայի ԶՈւ եթե ոչ ամբողջ շահագործվող ավիացիան, ապա դրա հիմնական մասը:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ռազանավից Սիրիայի ԶՈւ «Շայրաթ» ավիաբազայի վրա 59 միավոր թևավոր հրթիռ էր արձակվել։ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրենք «Սիրիայի կառավարական ուժերին հարվածել են ի պատասխան Իդլիբում կառավարական ուժերի կողմից բնակիչների դեմ քիմիական զենք օգտագործելուն»։ Ավիաբազան ԱՄՆ-ի արձակած հրթիռների հետևանքով նյութական կորուստներ է ունեցել:
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ «Շայրաթ» ավիաբազայի վրա ԱՄՆ զինված ուժերի արձակած 59 հրթիռներից տեղ է հասել միայն 23-ը, ինչի արդյունքում ոչնչացվել է վերանորոգման անգարներում գտնվող Սիրիայի ՌՕՈւ 6 միավոր Միգ-23 կործանիչ, ռադիոտեղորոշիչ կայանը և ուսումնական կենտրոնը:
Ավելի վաղ, ըստ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի՝ շուրջ 60 մարդ էր սպանվել ապրիլի 4-ին Սիրիայի հյուսիսարևմուտքում ընդդիմադիր ուժերի վերահսկած Խան Շեյխուն քաղաքում քիմիական գազի կիրառման հետևանքով: Սակայն Ռուսաստանը և Սիրիան պնդում են՝ ապրիլի 4-ին Սիրայի օդուժը ավիահարվածներ է հասցրել Խան Շեյխուն քաղաքում ահաբեկիչների զինտեխնիկայի կուտակումների և զինպահեստի, որտեղ պահվում էր քիմիական զենք, ոչ թե կիրառել է քիմիական զենք:
Նշենք, որ 2016-ի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր Սիրիայի տարածքում ՌԴ զինված ուժերի ավիախումբ անորոշ ժամկետով և անհատույց տեղակայելու մասին Սիրիայի և Ռուսաստանի միջև 2015-ի օգոստոսի 26-ին կնքված պայմանագրի մասին օրինագիծը: Համաձայն պայամագրի՝ ՌԴ ԶՈւ ավիախումբը Սիրիայի տարածքում տեղեկայվում է սիրիական կողմի խնդրանքով: