Հայաստանի պաշտպանության նախարարության` գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին բանակային կորպուսում ամփոփվել են 2017թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակի արդյունքները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Միավորման հրամանատարի տեղակալներն ու ծառայությունների պետերը զեկուցել են ենթակա զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստության ու պատրաստականության, մարտական հերթապահության և զորքերի ծառայության կազմակերպման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման և շահագործման հարցերի վերաբերյալ:
Ամփոփվել են նաև թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության ամրապնդման և զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Զեկույցներում ներկայացվել և վերլուծվել են անցկացված զորավարժությունների, մարտավարական-մասնագիտական հավաք-պարապմունքների, մարզումների, ստուգարքների, իրականացված ստուգումների և պլանային այլ աշխատանքների արդյունքները, կատարվել են արձանագրված որոշակի բացթողումների վերացման համար անհրաժեշտ եզրահանգումներ:
Ամփոփելով ներկայացված զեկույցներն ու քննարկված հարցերը, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը առաջադրված մարտական խնդիրներն ամբողջությամբ իրագործելու համար կարևորել է արձանագրված դրական ցուցանիշների պահպանման ու բարելավման անհրաժեշտությունը, մատնանշել տեղ գտած բացթողումների շտկման ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումները:
Զորամիավորման հրամանատարի խրախուսել է եռամսյակի արդյունքներով մարտական պատրաստության և զինվորական կարգապահության առավել բարձր ցուցանիշներով աչքի ընկած զինծառայողներին: