Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ Սիրիայի Պալմիրա քաղաքում Ռուսաստանի կողմից զոհվածների թիվը 2017-ի հունվարի վերջից մինչև մարտի վերջն ընկած ժամանակահատվածում գերազանցում է ՌԴ ՊՆ հրապարակած տվյալներին՝ հասնելով 21-ի: Ռուսաստանի ՊՆ-ն պաշտոնապես հայտնել է միայն 5 զոհի մասին:
Ըստ գործակալության՝ Ռուսաստանի կողմից Սիրիայում են նաև վարձկաններ, որոնք զինված ուժերի կազմում չեն, սակայն Ռուսաստանը ժխտում է նրանց առկայությունը:
Reuters-ն հայտնում է նաև, որ Սիրիայում փետրվարին և մարտին մահացել են վարձկաններ 41-ամյա Ալեքսեյ Սաֆոնովը, 46-ամյա Վլադիմիր Պլյուտինսկին և 27-ամյա Միխայիլ Նեֆեդովը: Գործակալության հարցմանը ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները և Դամասկոսում ռուսաստանյան հյուպատոսությունը չեն պատասխանել:
[Լրացում] Ավելի ուշ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերքել է Reuters գործակալության տարածած տեղեկատվությունը և ողջ հոդվածն անվանել «սեփական վերնագիրը արդարացնելու համար տառերի կույտ»:
Նմանատիպ տվյալներ Reuters-ը հրապարակել է նաև 2017-ի մարտին, մասնավորապես հայտնելով, որ Սիրիայում Ռուսաստանի կրած կորուստները 3 անգամ ավելի շատ են ՌԴ Պն հայտարարած տվյաներից. 2017 թվականի հունվարին Պալմիրան վերագրավելու համար մղված մարտերում սպանվել է 18 ռուսաստանցի, իսկ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է 5 զինծառայողի սպանվելու մասին։
Հիշեցնենք, որ ԻՊ-ն Պալմիրան գրավել էր 2015-ի մայիսին և ոչնչացրել են քաղաքի բազմաթիվ հնագույն հուշարձաններ: 2016-ի մարտին Սիրիայի կառավարական ուժերը անցել էին քաղաքի ազատագրման գործողությանը՝ ազատագրելով մի շարք ռազմավարական շրջաններ: Սակայն 2016-ի վերջին ԻՊ-ն կարողացել էր Սիրիայի կառավարական բանակի հետ մարտերում վերանվաճել Պալմիրան: 2017-ի հունվարին մեկնարկած ազատագրման գործողության շրջանակներում Սիրիայի կառավարական ուժերը Ռուսաստանի օդուժի աջակցությամբ երկրորդ անգամ ազատագրել էին այն մարտի 2-ին:
Ռուսաստանը երկու անգամ՝ 2016-17 թվականների մարտ ամիսներին ականազերծել է Պալմիրան (1,2):