Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին երկրի հարավում

Ապրիլի 17-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են Թուրքիայի հարավային Օսմանիե նահանգում՝ Ամանոս լեռան շրջանում տեղակայված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադալու» գործակալությունը:

Միևնույն ժամանակ քրդական կառույցի զինյալների հայտնաբերման և նրանց դեմ ռազմական գործողությունների իրականացման համար Թուրքիայի ժանդարմերիայի և անվտանգության մեծ թվով  ուժեր են տեղափոխվել Ամանոս լեռան շրջան:

Նշենք, որ Թուրքիայի օդուժը, բացի երկրի ներսում PKK-ի դիրքերին հարվածելուց, վերջին շրջանում հաճախ հարվածում է նաև Իրաքի հյուսիսային շրջաններում քրդական կառույցի դիրքերին:

Բացի այդ, մարտի 29-ից Թուրքիայի ուժայինները նոր գործողություններ են սկսել երկրի հարավարևելյան և արևելյան մի շարք նահանգներում PKK դեմ: Գործողություններն անցկացվում են Թուրքիայի 12 նահանգներում և գավառներում:

Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: Թուրքիայի այդ հատվածներում ռազմական գործողությունների հետևանքով մեծ նյութական վնասներ են առաջացել, հազարավոր կառույցներ ոչնչացել են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *