Քրդերի հետ մարտերում վիրավորված թուրք ժանդարմը մահացել է

Ապրիլի 16-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում թուրք-քրդական բախումներում վիրավորված Թուրքիայի ժանդարմերիայի սերժանտ Հարուն Շենօզյուարն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ապրիլի 16-ին Թուրքիայի Չուքուրջա գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները նռնականետով կրակել են Թուրքիայի ուժայինների ուղղությամբ, վիրավորվել էր 3 զինծառայող և 1 «գյուղական պահապան»:

Ավելի վաղ՝ ապրիլի 15-ին, Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում PKK-ի դեմ լեռներում իրականացվող գործողությունների ժամանակ մահացել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող, ևս մեկը՝ վիրավորվել:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Թուրքիայի ՆԳ նախարարությունը հայտարարել է երկրի հարավարևելյան և արևելյան մի շարք նահանգներում PKK դեմ գործողությունների նոր շրջան սկսելու մասին: Դրանց հիմնական նպատակը Թուրքիայի սահամանադրական փոփոխությունների հանրաքվեի նախօրեին և հետընտրական շրջանում ցանկացած տեսակի խռովություն կանխելն է:

Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ 2015-ի հուլիսից մինչև 2016-ի դեկտեմբեր Թուրքիայի հարավարելյան նահանգներում Թուրքիայի զինուժի ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է մոտ 2000 մարդ, որից 1200-ը ներգրավված են եղել Թուրքիայի ուժայինների դեմ պայքարում: Թուրքիայի այդ հատվածներում ռազմական գործողությունների հետևանքով մեծ նյութական վնասներ են առաջացել, հազարավոր կառույցներ ոչնչացել են:

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում ուժայինների և քրդերի բախումներում ավերված շինությունների ընդհանուր պատկերը

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում ուժայինների և քրդերի բախումներում ավերված շինությունների ընդհանուր պատկերը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *