Մեկ շաբաթում Թուրքիայում ձերբակալվել է շուրջ 2500 մարդ. Թուրքիայի ՆԳՆ

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 10-17-ը երկրի ներսում «ահաբեկչական կառույցների դեմ» ընդհանուր առմամբ իրականացվել է 348 գործողություն, ձերբակալվել է շուրջ 2500 մարդ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ձերբակալվածներից 711-ը մեղադրվում են «ահաբեկչական կառույցներին» աջակցելու, 170-ը՝ գյուլենական կառույցի հետ կապ ունենալու, 651-ը՝ գյուլենական կառույցի անդամ լինելու, իսկ 10-ն էլ ձախակողմյան կառույցներից անդամակցելու համար:

Թուրքիայի ժանդարմերիան գործողություններ է իրականացնում PKK-ի դեմ:

Թուրքիայի ժանդարմերիան գործողություններ է իրականացնում PKK-ի դեմ:

Միևնույն ժամանակ թուրքական ուժայինները շարունակում են ռազմական գործողությունները «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ Դիարբեքիր, Բաթման, Բիթլիս, Մարդին, Վան, Բինգյոլ և այլ նահանգներում:

Գործողությունների արդյունքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 15 զինյալ: Ապրիլի 10-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ 2015-ի հուլիսից մինչև այժմ Թուրքիայի ուժայինները «շարքից հանել են» PKK-ի 10.091 զինյալի: Նշենք, որ թուրքական կողմի հայտնած տվյալները մեջ հնարավոր է՝ ընգդրկված են նաև թուրք-քրդական բախումների արդյունքում սպանված կամ վիրավորված խաղաղ քաղաքացիական անձինք:

Թուրքական «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամ» հասարակական կազմակերպության` 2016-ի զեկույցում նշվում էր, որ 2015-ի դեկտեմբեր—2016-ի հունվարի ամիսներին Թուրքիայի արևելքում ուժայինները սպանել են 79 քաղաքացիական անձ:

Ընդհանուր առմամբ, Թուրքիայում 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջումից հետո ավելացել են հետապնդումները, ճնշումները մարդկանց նկատմամբ: Թուրքիայի արդարադատության նախարարության 2016-ի նոյեմբերի  հայտարարության համաձայն՝ ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում քրեական գործ է հարուցվել 92607 մարդու նկատմամբ, որից 39378 կալանավորվել են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *