Բրիտանիան կասեցնում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի կատարումը

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ դադարեցնում է «Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի» շրջանակում Ռուսաստանի հետ տեղեկությունների փոխանակումը: Ավելի վաղ՝ նոյեմբերի 22-ին, այդ մասին հայտարարել էր նաև ԱՄՆ-ը։ Որոշումը պատճառաբանում են Ռուսաստանի վարքով, որը դեռ 2007-ին էր կասեցրել պայմանագրի կատարումը։

Ուշագրավ է, որ մինչև 2007 թվականը Ռուսաստանը կատարում էր 1999 թվականին ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովում ընդունված ադապտացված պայմանագրի պահանջները, բայց այդ ադապտացված պայմանագիրը ստորագրած 30 պետություններից միայն 4 էին այն վավերացրել, որոնցից մեկը Ռուսաստանն էր: Այս հանգամանքն էլ վերջինիս համար դարձավ պայմանագրի կատարումը կասեցնելու պատճառներից մեկը։ Որպես մեկ այլ պատճառ Ռուսաստանում նշում էին ՆԱՏՕ-ին նոր անդամակցած մի քանի երկրների չմիանալը պայմանագրին։

Փաստորեն կարող ենք արձանագրել, որ «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի» ապագան բավականին մշուշոտ է, և, թերևս, նոր պայմանագրի անհրաժեշտություն կա։ Առկա պայմանագիրն իր ստորագրված ու չստորագրված, վավերացված ու չվավերացված փոփոխություններով հանդերձ, չի համապատասխանում այսօրվա պահանջներին։

Օրինակ՝ նշենք, որ Հայաստանն ըստ պայմանագրի (Տաշքենդյան համաձայնագիր) կարող է ունենալ մինչև 220 տանկ, 285 100մմ-ից մեծ տրամաչափի հրետանային համակարգ և դա այն դեպքում, երբ Հայաստանի հետ սահմանին Թուրքիան կենտրոնացրել է 350-400 տանկ, մոտ 700 միավոր հրետանի, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է շատ արագ կենտրոնացնել մինչև 600-700 տանկ և 1200-1300 միավոր հրետանի (չխառնել այս թվերը Թուրքիայի ունեցած ամբողջ սպառազինության հետ, խոսքը միայն Հայաստանի սահմանի մոտ կենտրոնացած սպառազինության մասին է)։ Նմանատիպ խնդիր Ռուսաստանի հարևանության պատճառով ունի նաև Վրաստանը, որի համար պայմանագրով նախատեսված են նույն սահմանափակումները, ինչ Հայաստանի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *