Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրաքի հյուսիսային Զապ շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Ոչնչացվել է PKK 7 թաքստարան և կրակային դիրքեր: Այս մասին, Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին հղում անելով, հայտնում է Թուրքիայի պետական Anadolu լրատվական գործակալությունը:
Գործողությունը իրականացվել է թուրքական ռազմաբազայի վրա PPK-ի ծրագրավորած հարձակման ամսին հետախուզությունից տվյալներ ստանալուց հետո:
Ապրիլի 6-ին թուրքական իշխանամետ լրատվամիջոցներից մեկը հայտնել էր, որ ապրիլի 16-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո թուրքական զինուժը հնարավոր է ներխուժի Իրաքի տարածք: Ըստ այդ տեղեկությունների՝ Սիրիայում «Եփրատի վահանն» ավարտելուց հետո Թուրքիան մտադիր է «Տիգրիսի վահան» ռազմագործողություն սկսել Իրաքի Սինջարի լեռներում:
Ըստ լրատվամիջոցի տեղեկության՝ Թուրքիան փորձում է թույլ չտալ, որպեսզի Իրաքի հյուսիսում՝ Մոսուլից դեպի հյուսիս-արևմուտք ընկած Սինջարի լեռների տարածքում PKK «երկրորդ Քանդիլ» ստեղծի: Քանդիլում ներկայում քրդական կառույցի հիմնական ռազմաբազաներն են:
Բացի Թուրքիայի Իրաքի տարածքից, թուրքական զինուժը քրդերի դեմ ռազմական գործողություններ վարում է նաև հենց Թուրքիայում և Սիրիայի հյուսիսային շրջաններում: