Ստորագրվել է 2017թ. հայ-չինական պաշտպանական համագործակցության ծրագիրը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետի պատվիրակությանը: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Հայաստանի և Չինաստանի ՊՆ-ների միջև 2017թ. համագործակցության ծրագիրը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է կողմերի միջև փոխգործակցության ընդլայնման և նոր ոլորտների ներգրավվման կարևորությունը:

ՀՀ ՊՆ-ում ընդունել են Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պատվիրակությանը

ՀՀ ՊՆ-ում ընդունել են Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պատվիրակությանը

Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետ, դերծովակալ Գուան Յուֆեյի պատվիրակությունը Հայաստանում է եղել ապրիլի 11-ից 14-ը: Այցի ընթացքում պատվիրակությանն ընդունել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի տեղակալ- ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:

Պաշտոնական հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-չինական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները:

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու, մի շարք փոխշահավետ նախագծեր իրականացնելու ուղղությամբ:

Նշենք, որ Չինաստանի հետ Հայաստանը ռազմական ոլորտում համագործակցում է մասնավորապես կադրերի պատրաստման հարցերում: 2013 թվականին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Չինաստան, որտեղ քննարկել է ռազմական կրթության, բժշկության, մարտական պատրաստության, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները:

Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն ստորագրել են Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի կողմից անհատույց տրամադրվող ամենամյա ռազմական օգնության վերաբերյալ համաձայնագիրը` 5 միլիոն չինական յուանի (շուրջ 823 հազար ԱՄՆ դոլար) չափով:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանը Չինաստանից է գնել WM-80 «Թայֆուն» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:

Հայաստանի զինված ուժերի՝ Չինաստանից գնած WM-80 «Թայֆուն» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը (սեպտեմբեր 2016, Երևան)

Հայաստանի զինված ուժերի՝ Չինաստանից գնած WM-80 «Թայֆուն» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը (սեպտեմբեր 2016, Երևան)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *