Ռուսաստանը Տաջիկստանի և Ղրղզստանի հետ ՀՕՊ համատեղ համակարգեր կստեղծի

Ռուսաստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը մշակել են ՀՕՊ համատեղ համակարգերի ստեղծման համաձայնագրեր: Ներկայում փաստաթղթերը միջգերատեսչական համաձայնեցման գործընթացների փուլում են: Այս մասին ԱՊՀ ՊՆ-ների խորհրդին առընթեր ՀՕՊ համադրման կոմիտեի նիստին հայտնել է Ռուսաստանի ՌՕՈւ հրամանատարի տեղեկալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուռաչենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսական Ս-300 զենիթահրթիռային համակարգեր

Ռուսաստանյան Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգի բաղադրիչները

Կուռաչենկոն ավելի վաղ նաև հայտնել էր, որ ԱՊՀ երկրների ՀՕՊ համատեղ ուժերի անձնակազմի և միջոցները այս պահին բավարար են առաջադրանքների հաջող կատարման համար: Սակայն դրանց թիվը անհրաժեշտության դեպքում կարող է ավելացվել:

Նշենք, որ 2017-ի սեպտեմբերին կանցկացվի ՀՕՊ ուժերի «Մարտական համագործակցություն-2017» համատեղ զորավարժությունը, որին կմասնակցեն ստորաբաժանումներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Ղրղզստանից և Տաջիկստանից:

Ռուսաստանի հետ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի մասին համաձայնագրեր ստորագրել են նաև Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Վերջին երկուսը համաձայնագրերի հիման վրա անհատույց Ս-300ՊՍ հակաօդային պաշտպանության համակարգեր են ստացել Ռուսաստանից (1,2):

Հայաստանը, ինչպես նշեցինք, նույնպես Ռուսաստանի հետ կնքել է միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնագիր, սակայն հունիսին Panarmenian գործակալության հարցմանն ի պատասխան ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել էր, որ համաձայնագրով չի նախատեսվում ՀՀ-ին Ս-300 զենիթային հրթիռային համալիրների անվճար տրամադրում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *