Ապրիլի 11-13-ը ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ անցկացվել է գնդային-մարտավարական զորավարժություն, որին ներգրավված էին օժանդակ մի շարք ստորաբաժանումներ:
Զորավարժությունը ներառել է ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական էլեմենտներ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:
Զորավարժությունը, որի պլանավորման ու խաղարկման ողջ ընթացքում հաշվի են առնվել ինչպես 2016թ. ապրիլյան զարգացումները, այնպես էլ արդի ու հավանական իրողությունները, ղեկավարում էր միավորման հրամանատար, գնդապետ Արթուր Հարությունյանը:
Ապրիլի 13-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվել է զորավարժության եզրափակիչ՝ մարտական հրաձգության փուլը, որին հետևում էին նաև ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը և միավորման ենթակա զորամասերի հրամկազմը:
Գնդային-մարտավարական զորավարժությունը հնարավորություն է տվել կատարելագործելու զորամասի և ստորաբաժանումների մարտական ներդաշնակման մակարդակը, բարձրացնել սպաների և ղեկավարման մարմինների գործնական ունակությունները՝ ժամանակակից մարտի կազմակերպման և զորքերի անընդհատ ղեկավարման առումով, իսկ ժամկետային զինծառայողների մոտ՝ զարգացնել բարոյամարտական որակներն ու ֆիզիկական դիմացկունությունը: