Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրետանավորները բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանում իրականացնում են ստուգողական կրակի վարժանքներ, այդ թվում և «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Վարժանքներին ներգրավված են ավելի քան 100 զինծառայող և շուրջ 30 միավոր զինտեխնիկա: Կրակ ուղղորդման համար օգտագործվում են ԱԹՍ-ներ և հրետանային հետախուզության միջողներ:

Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը զորավարժության ժամանակ
Նախքան վարժանքներին անցնելը 3 օրվա ընթացքում հրետանավորները բարձրլեռնային պայմաններում իրականացրել են զինտեխնիկայի տեխնիկական ապահովվման աշխատանքներ:
Զինծառայողները ստուգարքներ են հանձնել նաև գործնական պարապմունքների ժամանակ անվտանգության կանոնների և սպառազինության և զինտեխնիկայի տեսական իմացությունից:
Այս ընթացքում հայ-թուրքական սահմանի մյուս կողմում էլ զորավարժություն է անցկացնում Թուրքիայի բանակը: Կարսում թուրքական զինուժի մեկամսյա զորավարժությունը տևելու է մինչև ապրիլի վերջ:
Նշենք, որ մարտի 31-ին ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ Ռուսաստանի բանակի հարավային ռազմական շրջանում կկայանան հրետանային զորավարժություններ միաժամանակ 19 զորավարժարաններում, այդ թվում նաև Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված զորավարժարաններում:
Այդ շրջանակներում ապրիլի 4-ին Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրետանային ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացրել՝ օգտագործելով նաև «Գրադ» կայաններ: