Թուրքիայում PKK-ի հետ համագործակցելու մեղադրանքով 400 մարդ է ձերբակալվել

Ապրիլի 12-ին Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները երկրի 21 նահանգում իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալել են 412 մարդու, որոնք կասկածվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ համագործակցելու համար: Այս մասին փոխանցում է Թուրքայի պետական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ՆԳ նախարարությանը:

Թուրքիայի հարավարևելյան և արևելյան նահանգներում Թուրքիայի զինուժը շարունակում է գործողությունները PKK-ի զինյալների դեմ

Թուրքիայի հարավարևելյան և արևելյան նահանգներում Թուրքիայի զինուժը շարունակում է գործողությունները PKK-ի զինյալների դեմ

Քրդական կառույցի անդամների հետապնդումների պատճառն այն է, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:

Այս ձերբակալություններին զուգահեռ՝ ապրիլի 6-ից 12-ը «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով Թուրքիայի ԶՈւ-ն ձերբակալել է նաև 131 մարդու:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: Թուրքիայի այդ շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ավերվել են բազմաթիվ բնակավայրեր: ՄԱԿ-ի տվյալներով՝ այս մարտերի հետևանքով ստիպված տեղահանվել է 350 հազարից կես միլիոն մարդ:

Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին, Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ 2015-ի հուլիսից մինչև այժմ Թուրքիայի ուժայինները «շարքից հանել են» PKK 10 հազար զինյալի: Իսկ ապրիլի 6-ին, Ըշըքը հայտարարել էր, որ Թուրքիայի ուժայինների 1,5 տարվա գործողությունների ընթացքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 9700 զինյալ:

Հնարավոր է նաև, որ Թուրքիայի ՊՆ-ի հայտնած տվյալները մեջ ընգդրկված են նաև թուրք-քրդական բախումների արդյունքում սպանված կամ վիրավորված քաղաքացիական անձինք:

2017-ին հրապարակված ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ 2015-ի հուլիսից մինչև 2016-ի դեկտեմբեր Թուրքիայի հարավարելյան նահանգներում Թուրքիայի զինուժի ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է մոտ 2000 մարդ, որից 1200-ը ներգրավված են եղել Թուրքիայի ուժայինների դեմ պայքարում:

Հոդվածի հեղինակ՝ Անուշ Այվազյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *