Վրաստանի զինված ուժերի 9 հետևակային գումարտակ 2018 թվականի մարտին կսկսի պատրաստության պարապմունքներ անցկացնել ՆԱՏՕ-ի ստանդարտներով: Սա կիրականացվի Վրաստանի ԶՈւ պաշտպանական պատրաստության ծրագրով, որով ԱՄՆ-ն մտադիր է կատարելագործել Վրաստանի պաշտպանունակությունը: Այս մասին ապրիլի 11-ին Վրաստանի խորհրդարանում հայտարարել է երկրի պաշտպանության նախարարը:
Նույն ծրագրով ամերիկյան կողմը ֆինանսական օգնություն է ցուցաբերելու Վրաստանին՝ երկրի տարածքում ռազմական ուսումնական կենտրոն կառուցելու համար: Մինչ այս վրացական կողմն այս ուսումնական կենտրոնի կառուցման համար արդեն հատկացրել է 4 մլն ամերիկյան դոլար:
Նշենք, որ Վրաստանի զինված ուժերի վերապատրաստման այս ծրագիրն առաջին անգամ անցկացվել է դեռևս 2002 թվականին: Այն ժամանակ Վրաստանի զինված ուժերը մարզելու և հանդերձավորելու (Georgia Train and Equip Program) ծրագրով նույնպես վերապատրաստվել է երկրի զինված ուժերի մի քանի գումարտակի անձնակազմ: Դրանից բացի, իրականացվել են նաև ցամաքային զորքերի հրամանատարության կառուցվածքային բարեփոխումներ: