ՀՀ ՊՆ ղեկավարը ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ քննարկել է սահմանամերձ գյուղերում գործակցությունը

Հայաստանի պաշտպանության նախարարը և ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկվել են Արցախյան պատերազմի ժամանակ անհայտ կորած անձանց, սահմանամերձ համայնքներում բնակչության կենսամակարդակի բարելավման խնդիրներին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ

Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ-ում անցկացված հանդիպման ժամանակ նախարար Վիգեն Սարգսյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին ներկայացրել է Հայաստանի սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված հանձնաժողովի գործունեությունը` ուղղված սահմանամերձ համայնքներում բնակչության կեցության և անվտանգության ապահովման բարձրացմանը:

ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել համագործակցության առավել խորացմանը և ջանքեր գործադրել պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի ներկայացրած հանձնաժողովը ստեղծվել է փետրվարին ՀՀ վարչապետի որոշմամբ: Այն զբաղվում է սահմանամերձ համայնքներում պաշտպանական հարցերով, այդ թվում նաև սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների, հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցմամբ, ինչպես նաև իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացնելու նպատակով զենքի տրամադրմամբ։ Եռամսյա ժամկետում (սկսած փետրվարի 13-ից) հանձնաժողովը պետք է առաջարկություններ ներկայացնի կառավարություն՝ նշված հարցերի լուծման վերաբերյալ:

Նշենք նաև, որ դեռևս 2014 թվականին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են փոխանակվել Արցախյան պատերազմի տարիներին անհայտ կորածների մասին տեղեկություններով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *