Ապրիլի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ընդունել է ապրիլի 11-ից պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Բյուլենթ Բոսթանօղլուին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Քննարկվել են երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև մարտական պատրաստության, համատեղ վարժանքների և զինվորականների փոխայցելությունների հետ կապված հարցեր:

Թուրքիայի ՌԾՈւ հրամանատար, ծովակալ Բյուլենթ Բոսթանօղլուն և Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը
Թուրքիայի ՌԾՈւ հրամանատարը այցելել է նաև Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարություն և հանդիպել Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնակատար, I կարգի կապիտան Զաուր Հյումբեթովին:
Թուրքիայի ՌԾՈւ հրամանատարն Ադրբեջան է ժամանել ապրիլի 11-ին և Ադրբեջանում նախատեսում է մնալ մինչև ապրիլի 14-ը:
Հիշեցնենք, որ նախորդ տարում՝ 2016 թ. մայիսին, Բոսթանօղլուն ընդունել էր Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի հրամանատարի արդեն նախկին պաշտոնակատար, առաջին աստիճանի կապիտան (գնդապետ) Հիջրան Ռյուսթեմզադեին: