Եմենում սպանվել է Սուդանի ԶՈւ 5 զինծառայող, ևս 12-ը վիրավորվել է

Եմենում գործող շիադավան հութիների և Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի բախումներում սպանվել է Սուդանի զինված ուժերի 5 զինծառայող, ևս 12 զինծառայող վիրավորվել է:Այս մասին ապրիլի 12-ին հայտնել է Սուդանի ԶՈւ խոսնակ Ահմեդ Խալիֆա ալ-Շամին, փոխանցում է Reuters գործակալությունը:

Հութի զինյալներ՝ Սանայում

Հութի զինյալներ՝ Սանայում

Աղբյուրի համաձայն՝ Սուդանը հազվադեպ է հայտնում Եմենում իր զինուժի կորուստների մասին, սակայն Սուդանը 2015-ին հարյուրավոր զինծառայողներ է ուղարկել Եմեն կոալիցիայի կազմում կռվելու համար:

Եմենի ռազմական աղբյուրները հաղորդում են, որ զինծառայողները զոհվել են այն ժամանակ, երբ կոալիացիայի հովանավորյալ Եմենի զինված ուժերը վերահսկողություն են սահմանել Եմենի հարավ-արևմտյան Թաիզ նահանգում գտնվող լեռներից մեկի վրա, որը շատ մոտ է ընկած Խալիդ բին ալ-Վալեդ ռազմաբազային, որն էլ գտնվում է հութիների ձեռքում:

Եմենի հութիեների դեմ կոալիցիայի կազմում ընդգրկված է Սաուդյան Արաբիան, Սուդանը, Բահրեյնը, Քուվեյթը, Քաթարը, Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն և Սենեգալը:

Հիշեցնենք, որ 2004-2010 թթ. Եմենի կառավարական զորքերը մի քանի անգամ  բախումներ են ունեցել հութիների հետ, ապա 2010-ին կնքել են զինադադարի պայմանագիր։ Սակայն 2011-ի վերջին այսպես կոչված «Արաբական գարնան» մթնոլորտում նոր մարտեր սկսվեցին հութիների և «ալ-Քաիդայի» համախոհներ համարվող սալաֆիների միջև:

Եմենում «քաղաքացիական» պատերազմի նոր փուլը սկսվել է 2014-ին: Հակամարտում են շիա հութիները և երկրի սուննի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադիին աջակցող ուժերը: Շիա հութիներին օժանդակում է Իրանը, իսկ սուննիներին՝ արաբական պետությունների մեծ մասը, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *