2016-ին Վրաստանի զինուժում գրանցվել է մահվան 24 դեպք

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի համաձայն՝ 2016-ին զոհվել է Վրաստանի ԶՈւ 24 զինծառայող, որոնցից 10-ը մահացել են զորամասերի տարածքում, 14-ը՝ դրանցից դուրս:

Ապրիլի 11-ին Վրաստանի օմբուդսմեն Ուչա Նանուաշվիլին իր զեկույցը ներկայացրել է Վրաստանի խորհրդարանի՝ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստում

Ի թիվս այլ հարցերի՝ զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Վրաստանի զինված ուժերի շարքերում մարդու իրավունքների իրավիճակին: Այս մասին հայտնում է վրացական Interpressnews լրատվակայքը:

Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի զինծառայողներ

Վրաստանի ԶՈւ զինծառայողներ

Ըստ այդ զեկույցի՝ մահվան վեց դեպքի առիթով անցկացվել է հետքննություն։ Նրանցից 3-ը պայմանագրային զինծառայողներ էին, 3-ը զինված ուժերում ծառայություն էին անցնում զորակոչով։

Դեպքերից մեկը ինքնասպանություն է եղել, 2 դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ սպանության հոդվածով։ Եվս մեկ դեպքի առիթով, որը վերաբերում էր երկու զինծառայողի մահվան, քրեական գործը հարուցվել է անզգուշության հետևանքով երկու և ավելի անձանց սպանության հոդվածով։

Մեկ դեպքի առիթով էլ քրեական գործ է տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության և երթևեկության կանոնների խախտման հոդվածով։ Վերոնշյալ գործերի հետաքննությունը շարունակվում է։ Հետաքննությունը գլխավոր դատախազության հսկողությամբ վարում է Վրաստանի ԶՈւ ԳՇ ռազմական ոստիկանության վարչությունը։

Նանուաշվիլին իր զեկույցում նշել է, որ մինչ այժմ շարունակվում է 2015 թվականին երկրի զինված ուժերում գրանցված մահվան երեք դեպքի հետաքննություն։ Գործերից ոչ մեկով կասկածյալներ չեն առաջադրվել։

2016-ի զորակոչի արդյունքում Վրաստանի զինված ուժերի շարքերում ծառայություն անցնելուց ազատվել է 94 մարդ, հիմնականում՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով։

Զեկույցը քննադատում է զինկոմիսարիատների ընդունող հանձնաժողովների աշխատանքների որակը։ Զննումների ընթացքում չի պահպանվում զորակոչիկների մասին տեղեկությունների գաղտնիությունը, կողմնակի մարդիկ լսում են ախտորոշումները, հոգեբանի հետ զրույցը սահմանափակվում է հոգեմետ միջոցների օգտագործման մասին 10 րոպե հարցմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *