Ապրիլի 11-ին Հայաստան է ժամանել Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետ, փոխծովակալ Գուան Յուֆեի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Այցի շրջանակներում նախատեսված են պատվիրակության պաշտոնական հանդիպումները ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, պաշտպանության նախարարի տեղակալ- ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի, ՀՀ ԶոՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի և ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:
Նշենք, որ Չինաստանի հետ Հայաստանը ռազմական ոլորտում համագործակցում է մասնավորապես կադրերի պատրաստման հարցերում: 2013 թվականին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Չինաստան, որտեղ քննարկել է ռազմական կրթության, բժշկության, մարտական պատրաստության, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները:
Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն ստորագրել են Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի կողմից անհատույց տրամադրվող ամենամյա ռազմական օգնության վերաբերյալ համաձայնագիրը` 5 միլիոն չինական յուանի (շուրջ 823 հազար ԱՄՆ դոլար) չափով:
Հիշեցնենք նաև, որ Հայաստանը Չինաստանից է գնել WM-80 «Թայֆուն» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: