Ապրիլի 11-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան խոհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ պաշտպանական գերատեսչությունը նախատեսում է մոտ 10 միլիոն լարի (~ 4 միլիոն ամերիկյան դոլար) հատկացնել մարտական պատրաստության նոր կենտրոնի կառուցման համար: Այս մասին հայտնում է «Новости-Грузия» լրատվակայքը:
Նոր կենտրոնը հավանաբար կառուցվելու է Վազիանիում, Թբիլիսիից ոչ հեռու: Մարտական պատրաստության նոր կենտրոնը կառուցվելու է Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ԶՈւ Եվրոպական հրամանատարության կենտրոնի օրինակով:
Այդ կենտրոնում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում Աֆղանստան խաղաղապահական ծառայության համար պատրաստություն անցնելու նպատակով զինծառայողներ են ուղարկվում տարբեր երկրներից, այդ թվում նաև Հայաստանից:
Դեռ հայտնի չէ, թե Միացյալ Նահանգները ինչքան գումար է հատկացնելու նոր կենտրոնի կառուցման համար: Կենտրոնի կառուցման համար պատրաստական աշխատանքները արդեն սկսվել են: 2017-ի փետրվարին Վրաստան է այցելել ամերիկյան CUBIC կորպորացիայի հրահանգիչների խումբ, որը համագործակցում և աջակցում է Վրաստանի ՊՆ-ի ծրագրերից դեռևս 2003 թվականից: