Չորս ամերիկուհի զինծառայողներ դատական հայց են ներկայացրել ընդդեմ Պենտագոնի

ԱՄՆ-ի չորս կին զինծառայողներ Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարանում հայց են ներկայացրել Պենտագոնի դեմ` կին զինծառողներին մարտական դիրքեր չթույլատրելու համար: Այս տարի սա արդեն 2-րդ դատական հայցն է ընդդեմ 1994թ. օրենքի, ըստ որի կանանց արգելվում է ծառայել ցամաքային մարտական ստորաբաժանումներում, որոնք վտանգավոր են համարվում,- հաղորդում է «Վաշինգթոն Փոստ»-ը:


Լուսանկարը՝ Ջիմ Վիլսոն/Նյու Յորք Թայմս

Դատական հայցերի նպատակն է ճնշում գործադրել պաշտոնյաների վրա, որոնք փորձում են հասկանալ, թե որքանո՞վ դա կազդի զինծառայողների բարոյական վիճակի վրա և արդյո՞ք կանայք կշեղեն ցամաքային մարտական ստորաբաժանումներում ծառայող տղամարդկանց ուշադրությունը:

Դատական հայցում ասվում է, որ այս արգելքը խախտում է կանանց սահմանադրական իրավունքները, խոչընդոտում բանակում նրանց առաջընթացին` սահմանափակելով կին զինծառայողների նշանակումը ԱՄՆ Զինված ուժերի շուրջ 238.000 պաշտոններում:

Պենտագոնի խոսնակ Ջորջ Լիթլը մամուլի ասուլիսում հայտնել է, որ պաշտպանության նախարարությունն աշխատում է այդ ուղղությամբ, և նախարար Լեոն Պենետան կանանց համար ստեղծել է մոտ 14.500 աշխատատեղ:

Ծովային հետևակի գլխավոր հրամանատար գեներալ Ջեյմս Ամոսը հրամայել է հարցում անցկացնել հետևակի 53.000 զինծառայողների շրջանում` կանանց ծառայության վերաբերյալ նրանց տեսակետին ծանոթանալու նպատակով: Հարցման արդյունքներն առայժմ հրապարակված չեն:

Դատական հայց ներկայացրած չորս զինծառայողներն են՝
Ռազմաօդային Ազգային գվարդիայի մայոր Մերի Ջենինգս Հեգարը
Ծովային հետևակի կապիտան Զոի Բիդելը
Ծովային հետևակի լեյտենանտ Քոլին Ֆարելը
ԱՄՆ Բանակի սերժանտ Ջենիֆեր Հանթը

Կանայք կազմում են ԱՄՆ զինված ուժերի 1.4 միլիոն գործող զինծառայողների 14%-ը: Ըստ Պենտագոնի հաշվարկների, Իրաքի և Աֆղանստանի պատերազմներում զոհվել է 144 և վիրավորվել 860 կին զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *