ՌԴ ՊՆ. «Շայրաթ» ավիաբազայի վրա ԱՄՆ արձակած հրթիռների արդյունավետությունը բավականին ցածր է

Սիրիայի Հոմս նահանգում տեղակայված «Շայրաթ» ավիաբազայի վրա ԱՄՆ զինված ուժերի արձակած  59 հրթիռներից տեղ է հասել միայն 23-ը, ինչի արդյունքում ոչնչացվել է վերանորոգման անգարներում գտնվող Սիրիայի ՌՕՈւ 6 միավոր Միգ-23 կործանիչ, ռադիոտեղորոշիչ կայանը և ուսումնական կենտրոնը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նշվում է, որ անվնաս են մնացել ռազմաբազայի թռիչքուղին, թռիչքուղու տարբեր հատվածներ կապող ճանապարհները, ինչպես նաև կայանատեղերում գտնվող Սիրիայի ՌՕՈւ մյուս ինքնաթիռները:

Ըստ ՌԴ ՊՆ հաղորդման՝ հրթիռակոծության արդյունքում սիրիական կողմից զոհվել է 4 զինծառայող, 2-ը համարվում են անհետ կորած, իսկ 6 զինծառայող էլ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ այրվածքային վիրավորում է ստացել:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ իր հերթին հայտնել էր, որ զոհվածների մեջ չկան Ռուսաստանի ԶՈւ զինծառայողներ:

Հրթիռակոծությունից հետո ավիաբազայում արված տեսագրություններից մեկում էլ երևում են պայթյունների հետևանքները, ինչպես նաև Սիրիայի ՌՕՈւ  անվնաս մնացած ինքնաթիռները:

Հրթիռակոծության վերաբերյալ  ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրենք «Սիրիայի կառավարական ուժերին հարվածել են ի պատասխան նրան, որ օրերս Իդլիբում նույն կառավարական ուժերը բնակիչների դեմ քիմիական զենք են օգտագործել»։ Կատարվածին անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղար  Ռեքս Թիլերսոնը:

Հիշեցնենք, որ Միջերկրական ծովից ԱՄՆ ռազմածովային ուժերի «Փորթեր» և «Րոս» ռազանավերից  59 միավոր թևավոր հրթիռ է արձակվել Սիրիայի Հոմս նահանգում տեղակայված և այդ երկրի կառավարական ուժերի վերահոսկության տակ գտվող ռազմաբազայի ուղղությամբ։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *