Թուրքիան կարող է սկսել «Տիգրիսի վահան» գործողություն արդեն Իրաքի տարածքում

Ապրիլի 6-ին թուրքական իշխանամետ լրատվամիջոցներից մեկը հայտնել է, որ ապրիլի 16-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո թուրքական զինուժը հնարավոր է ներխուժի Իրաքի տարածք: Ըստ այդ տեղեկությունների՝ Սիրիայում «Եփրատի վահանն» ավարտելուց հետո Թուրքիան մտադիր է «Տիգրիսի վահան» ռազմագործողություն սկսել Իրաքի Սինջարի լեռներում: Հայտարարությունը տարածել է ԱԶԿ-ին մոտ կանգնած «Յենի Շաֆաք» լրատվակայքը:

Թուրքիայի ԶՈւ զրահամեքենաների շարասյուն

Թուրքիայի ԶՈւ զրահամեքենաների շարասյուն

Ըստ նշված տեղեկության՝ Թուրքիան փորձում է թույլ չտալ, որպեսզի Իրաքի հյուսիսում՝ Մոսուլից դեպի հյուսիս-արևմուտք ընկած Սինջարի լեռների տարածքում «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) «երկրորդ Քանդիլ» ստեղծի: Քանդիլում ներկայում քրդական կառույցի հիմնական ռազմաբազաներն են:

Սինջարի լեռների տարածքում հիմնականում ապրում են եզդիներ, ովքեր զգալիորեն տուժել են «Իսլամական պետության» գործողություններից: Սակայն 2015-16 թթ. Իրաքի քրդական ինքնավարության և PKK-ի ուժերը համատեղ ազատագրել էին այդ շրջանները: Չնայած սրան՝ 2017 թ. արդեն բախումներ սկսվեցին քրդական ուժերի միջև, իսկ Թուրքիան այդ պայքարում սատարում է ինքնավարության բարզանիական ուժերին:

Այստեղ դեր է խաղում նաև այն հանգամանքը, որ PKK-ն Թուրքիայի ներսում տարբեր տեսակի ահաբեկչական, ռազմական նշանակության գործողություններ է իրականացնում և քրդական անջատողականության հիմնական առաջնորդողն է: 2015 թ. թուրքական զինուժը լայնածավալ գործողություններ է սկսել Թուրքիայի ներսում, և այժմ չի բացառվում, որ նման գործողության գնա նաև Իրաքի տարածում: Սակայն, հաշվի առնելով սպասվող հանրաքվեն, սա կարող է լինել նաև պարզապես հայտարարություն:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում Թուրքիայի զինուժի «Եփրատի վահան» գործողությունն ավարտվել է, սակայն այժմ Թուրքիան նոր գործողությունների է պատրաստվում: Սակայն այդտեղ առավելապես խոսվում էր հենց Սիրիայի, և ոչ թե Իրաքի տարածքում իրականացվելիք ռազմագործողության մասին:

Սինջարի լեռներ. 2015 թ. տեղացիները վերադառնում են ԻՊ-ին հաղթելուց հետո

Սինջարի լեռներ. 2015 թ. տեղացիները վերադառնում են ԻՊ-ին հաղթելուց հետո

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *