Թուրքական զրահամեքենան կսպառազինվի տեղական մարտական մոդուլով

Թուրքիայի Aselsan («Ասելսան») խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունը պայմանագիր է կնքել զրահամեքենաներ արտադրող թուրքական BMC ընկերության հետ հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) մարտական մոդուլներ (SARP) վաճառելու մասին:Այս մասին ապրիլի 5-ին հայտնում է «Ասելսան» ընկերության պաշտոնական կայքը:

Հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) մարտական համակարգը (SARP)՝ տեղադրված՝ թուրքական արտադրության «Էժդեր» զրահամեքենայի վրա

Հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) մարտական համակարգը (SARP)՝ տեղադրված՝ թուրքական արտադրության «Էժդեր» զրահամեքենայի վրա

Ընդհանուր առմամբ պայմանագիրը գնահատվում է 37 միլիոն եվրո: Աղբյուրի համաձայն՝ զրահամեքենաներ արտադրող ընկերությանը SARP մոդուլների մատակարումը կատարվում է Թուրքիայի անվտանգության ուժերի կարիքները հոգալու համար: Մոդուլների տրամադրումը թուրքական զրահամեքենաներ արտադրող ընկերությանը նախատեսվում է ավարտել 2017-ի ընթացքում:

Հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) մարտական մոդուլը (SARP) կարող է տեղադրվել տարբեր ռազմական մեքենաների վրա: Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել, հետևել և խոցել թիրախը:

Համակարգի վրա կարող է տեղադրվել 12,7 մմ կամ 7,6 մմ գնդացիր, կամ 40 մմ ավտոմատ նռնականետ:

Նշենք, որ BMC ընկերությունը արտադրում է 4×4  անվային ընթացամասով բարձրացված հակաականային պաշտպանվածությամբ 350-16Զ «Քիրփի» և 4×4 անվային ընթացամասով 250-10Զ «Վուրան» բազմանպատակային զրահամեքենաներ, EFE 235-16 4×4 անվային ընթացամասով բեռնատարներ, 380-26P բեռնատարներ՝ 6×6 անվային ընթացամասով:

2013-ին «Քիրփի» զրահամեքենաների փոխանցումների զգալի ուշացումների պատճառով Թուրքիայի ՊՆ-ն չեղյալ հայտարարեց զրահամեքենաների ձեռքբերման պայմանագիրը, ինչի հետևանքով ընկերությունը ծանր ֆինանսական դրության մեջ հայտնվեց: Այնուհետև այն հանվեց աճուրդի ու վաճառվեց Էրդողանի մտերիմին:

Ներակայում ընկերության ընդհանուր արտադրական տարածքը տեղակայված է Իզմիրում: 2014-ի հոկտեմբերից ընկերության բաժնետոմսերի կեսը պատկանում է Քաթարի զինուժի արդյունաբերական կոմիտեին:

Ավելացնենք նաև, որ «Ասելսանը» մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ։ Ընկերությունն  իր արտադրանքներն արտահանում է աշխարհի 48 երկրներ՝ այդ թվում Ադրբեջան, Ղազախստան, Պակիստան և Հորդանան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *