Սահմանամերձ գյուղերի միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խումբը սկսել է աշխատանքը

Այսօր՝ ապրիլի 4-ին, սահմանամերձ համայնքներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խումբը սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ փնջային խորհրդակցություններ է անցկացրել Պառավաքար, Վազաշեն, Ոսկեպար համայնքներում: Այս մասին հայտնում է Տավուշի մարզպետարանի կայքը:

Աշխատանքային խմբի հանդիպումը սահմանամերձ գյուղերի ղեկավարների հետ

Աշխատանքային խմբի հանդիպումը սահմանամերձ գյուղերի ղեկավարների հետ

Հանձնաժողովից ստացված հանձնարարականի համաձայն՝ աշխատանքային խումբը պետք է մեկ անգամ ևս վերհանի մարզի 27 սահմանամերձ համայնքների խնդիրները և համակարգված ձևով դրանք ներկայացնի հանձնաժովին:

Այդ նպատակով աշխատանքային խմբի անդամները զրուցել են համայնքապետերի հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտողությունները համայնքների տնտեսական իրավիճակի, առանձնահատկությունների, պաշտպանական խնդիրների, ինչպես նաև առաջնահերթ լուծում պահանջող այլ խնդիրների վերաբերյալ:

Աշխատանքային խումբն այս ամենն ամփոփելով կներկայացնի միջգերատեսչական հանձնաժողովին, որն էլ իր հերթին ՀՀ կառավարությանը:

Աշխատանքային խմբի կազմում են եղել ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական Աշոտ Բալասանյանը, ԱԻՆ ՓԾ քաղպաշտպանության պետի տեղակալ Էդան Սնդրյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Միշա Մխիթարյանը:

Ավելացնենք, որ միջգերատեսչական հանձնաժողովը հիմնականում զբաղվում է սահմանամերձ համայնքներում պաշտպանական հարցերով, այդ թվում նաև սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների, հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցմամբ, ինչպես նաև իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացնելու նպատակով զենքի տրամադրմամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *