Սիրիան որպես ագրեսիա է դիտարկում Թուրքիայի զինուժի նոր հնարավոր գործողությունները Սիրիայում

Պաշտոնական Դամասկոսը որպես ագրեսիա է դիտարկում Թուրքիայի զինուժի Սիրիայում նոր գործողությունների իրականացման պլանները, ինչպես նաև այն, որ Թուրքիայի զինուժի շարունակում է մնալ Սիրիայում: Այս մասին հայտնել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիայադ Հադդադը, փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։

«Անկախ նրանից՝ Թուրքիայի զինուժի առաջին գործողությունը ավարտվել է կամ այն, որ Թուրքիան պլանավորում է նոր գործողություններ սկսել, մենք ի սկզբանե Թուրքիայի զինուժի առկայությունը Սիրիայի տարածքում բնորոշել ենք որպես օկուպացիա: Դա ագրեսիա է ընդդեմ մեր երկրի ինքնիշխանության», — ասել է դեսպանը:

Ըստ նրա՝ պաշտոնական Դամասկոսի դիրքորոշումը Սիրիայում Թուրքիայի զինուժի ներկայության վերաբերյալ չի փոխվել, նույնիսկ, եթե նոր գործողություններ սկսվեն:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում Ալ-Բաբ քաղաքի գրավումով Թուրքիայի զինուժի «Եփրատի վահան» գործողությունն ավարտվել է, սակայն այժմ Թուրքիան նոր գործողությունների պատրաստություններ է իրականացնում: 

Ավելի վաղ՝ մարտի 29-ին, Թուրքիայի նախագահի գլխավորությամբ ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ որոշում է ընդունվել դադարեցնել Թուրքիայի զինուժի «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայի տարածքում: Սակայն, սա ըստ երևույթին նշանակում է, որ Թուրքիան ժամանակավորապես դադարեցնում է ռազմական հետագա գործողությունները, բայց թուրքական զորքերը շարունակելու են մնալ Սիրիայի տարածքում:

Նշենք, որ ըստ Թուրքիայի վարչապետի Թուրքիայի զինուժը իր վերահսկողության տակ է վերցրել 2.015 քառ. կմ տարածք: Ավելի վաղ, մեզ հետ զրույցում թուրքագետ Լևոն Հովսեփյանը, անդրադառնալով Թուրքիայի զինուժի գործողության արդյունքներին, նշեց, որ Թուրքիան նախ կարողացավ կարևորագույն իր համար ռազմական ներկայություն ապահովել Սիրիայի հյուսիսում՝ ստեղծելով պայմանական, սեփական նախաձեռնությամբ «անվտանգության գոտի»՝ շուրջ 2000 կմ տարածք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *