Թուրքիան Սիրիայում նոր ռազմական գործողությունների է պատրաստվում. Էրդողան

Ապրիլի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում Ալ-Բաբ քաղաքի գրավումով Թուրքիայի զինուժի «Եփրատի վահան» գործողությունն ավարտվել է, սակայն այժմ Թուրքիան նոր գործողությունների պատրաստություններ է իրականացնում:  Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

««Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Ալ-Բաբի գրավումով «Եփրատի վահան» գործողության առաջին փուլը ավարտեցինք: Սակայն Սիրիայի այլ շրջանները «ահաբեկչական խմբավորումներից» ազատագրելու համար նոր գորոծողություններ ենք սկսելու: Նոր գործողություններին նոր անուններ ենք տալու»,- ասել է Էրդողանը:

Իսկ նախօրեին՝ ապրիլի 2-ին, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ալ-Բաբի վրա վերահսկողության սահմանումով ոչինչ չի ավարտվել: Նա նշել է, որ Թուրքիայի զինուժը շարունակելու է մնալ Սիրիայի տարածքում: Փոխանցում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:

Ավելի վաղ՝ մարտի 29-ին, Թուրքիայի նախագահի գլխավորությամբ ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ որոշում է ընդունվել դադարեցնել Թուրքիայի զինուժի «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայի տարածքում: Ավելի ուշ՝ մարտի 31-ին, այս մասին պաշտոնական հայտարարություն էր տարածել նաև Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Քարտեզում մուգ կապույտ գույնով՝ Թուրքիայի ԶՈւ գրաված տարածքը

Վերահսկողության գոտիները Սիրիայում և Իրաքում (13 մարտի 2017 դրությամբ)

Վերահսկողության գոտիները Սիրիայում և Իրաքում (13 մարտի 2017 դրությամբ)

Թուրքագետ Լևոն Հովսեփյանն այդ առիթով մեզ հետ զրույցում նշել է, որ Թուրքիան ըստ երևույթին կասեցնում է հետագա ծավալումը կամ հետագա գործողությունները Սիրիայի տարածքում, բայց ռազմական ներկայությունը շարունակելու է պահպանել:

Նշենք, որ ըստ Թուրքիայի վարչապետի Թուրքիայի զինուժը իր վերահսկողության տակ է վերցրել 2.015 քառ. կմ տարածք: Անդրադառնալով Սիրիայում Թուրքիայի զինուժի գործողության արդյունքներին՝ թուրքագետը նշեց, որ Թուրքիան նախ կարողացավ կարևորագույն իր համար ռազմական ներգրավվածություն, ներկայություն ապահովել Սիրիայի հյուսիսում՝ ստեղծելով պայմանական, սեփական նախաձեռնությամբ «անվտանգության գոտի»՝ շուրջ 2000 կմ տարածք, և պահել իր վերահսկողության ներքո:

Այս թեմայով կարող եք լսել նաև Ռազմինֆոյի և Հանրային ռադիոյի պատրաստած հաղորդման ընթացքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *