ԱՄՆ-ն այլևս տեղեկություններ չի հրապարակի Սիրիայում և Իրաքում իր զորքերի տեղաշարժի մասին

Մարտավարական հանկարծակիություն ապահովելու և զինծառայողների անվտանգությունը ու պաշտպանությունը երաշխավորելու համար ԱՄՆ կոալիցիան այսուհետ տեղեկություններ չի հրապարակի Սիրիայում և Իրաքում իր ստորաբաժանումների քանակի, տեղակայման վայրի կամ շարժման ընթացքի մասին։

Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Էրիկ Փեյհոնը։ Մարտի 30-ին փոխանցում է Los Angeles Times թերթը։

ԱՄՆ ծովային հետևակի զինծառայողները զորավարժության ժամանակ

ԱՄՆ ծովային հետևակի զինծառայողները զորավարժության ժամանակ

Ըստ Փեյհոնի՝ կոալիցիայի հրամանատարների նպատակն այն է, որ «Իսլամական պետությունը» առաջին անգամ կոալիցիայի կամ դաշնակից ուժերի ընդունակությունների մասին իմանա մարտի դաշտում հանդիպելիս։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկելու 82-րդ օդադեսանտային դիվիզիայի 200 զինծառայող, բայց դեռ պարզ չէ՝ կոնկրետ որտեղ են տեղակայվելու նրանք:

Մինչ այդ  ԱՄՆ ղեկավարաթյունը՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, քննարկում էր Քուվեյթում մինչև 1000 զինծառայողից բաղկացած զորախումբ տեղակայելու հարցը։  Այդ զորքերը նախատեսվում է օգտագործվել որպես պահեստային զորք՝ Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ պայքարի համար:

Բացի այդ, ԱՄՆ-ն հավելյալ զորք է ուղարկել Սիրիայի տարածք: Մարտի 12-13-ին Միացյալ Նահանգների ծովային հետևակի մոտ 400 զինծառայողներ արդեն հասել են Սիրիա և տեղակայվել են երկրի հյուսիս-արևելքում՝ Հասաքա նահանգի՝ քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում։

Նշենք, որ վերջին շրջանում ԻՊ-ն հսկայական տարածքներ է կորցրել և՛ Իրաքում, և՛ Սիրիայում: Իրաքում այժմ կառավարական ուժերը և նրանց աջակցող խմբերը մարտեր են մղում ԻՊ-ից Մոսուլ քաղաքի ազատագրման համար:

Միևնույն ժամանակ ԻՊ դեմ հաջող մարտեր են մղում նաև Սիրիայում, ոչ միայն կառավարական ուժերի, այլև քրդական կառույցները: Մասնավորապես մարտի 27-ին ԱՄՆ աջակցությամբ գործող արաբներից, քրիստոնյաներից և գլխավորապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) վերահսկողություն են հաստատել Սիրիայի խոշորագույն ջրամբարի վրա, ինչպես նաև «Իսլամական պետություն» խմբավորումից գրավել Տաբկայի ավիաբազան: Ներկայում ԻՊ զինյալները Սիրիայում խոշոր քաղաքներից միայն Ռաքքայի նկատմամբ վերահսկողություն ունեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *