ՀՀ ՊՆ ռազմավիացիոն համալսարանի մասնագետները կներգրավվեն ՀՀ ԱԻՆ աշխատանքներում

Մարտի 30-ին ՀՀ ԱԻ նախարարությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ և ՀՀ ՊՆ աջակցությամբ Սյունիքի Կապան և Քաջարան քաղաքներում իրականացնում է սելավավտանգ հատվածների ուսումնասիրություն անօդաչու թռչող սարքերի (դրոնների) կիրառմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

Անօդաչու թռչող սարքերի կիրառումն ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների հետ համատեղ ապահովելու են ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի մասնագետները:

Հայկական արտադրության «Կռունկ-25» հետախուզական անօդաչու թռչող սարք

Հայկական արտադրության «Կռունկ-25» հետախուզական անօդաչու թռչող սարք

Անօդաչու թռչող սարքերի կիրառությունն աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում նպատակ ունի արդիականացնել և բարձրացնել նաև բնակչության պատրաստվածության մակարդակը: ԱԹՍ-ների միջոցով ստացված տվյալների համադրումը սեյսմիկ ռիսկի տվյալների հետ թույլ կտա մոդելավորել նաև արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման և փրկարարական ուժերի բաշխվածության կառավարման հարցերը:

Ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներն անօդաչու թռչող սարքերի կիրառման դասընթացներ են անցել և ստացել համապատասխան որակավորում ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի մասնագետների կողմից:

Ուսումնասիրությունն իրականացվում է «Բնապահպանական արտակարգ իրավիճակների կառավարումը տեղական մակարդակում» ծրագրի շրջանակում և նպատակ ունի բացահայտել ու մոդելավորել ռիսկերը տեղանքի սելավավտանգ հատվածներում:

Ուսումնասիրության արդյունքում իրականացվելու է սելավավտանգ տարածքների և սելավատարերի ողջ երկայնքի մոդելավորում, որը կբացահայտի սելավատարերի խցանման աստիճանը տիղմով և աղբով, ինչը թույլ կտա համապատասխան միջոցառումներ իրականացնել սելավային հոսքի բնականոն հեռացումը խոչընդոտող գործոնները վերացնելու ուղղությամբ:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *