Թուրքիան իր տանկի շարժիչն այժմ փնտրում է Ուկրաինայում

«Ուկրօբորոնէսքպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Ռոմանովը հայտնել է, որ մարտի 14-ին Անկարայում Թուրքիայի և Ուկրաինայի վարչապետների ստորագրել են Թուրքիայում հավաքվող «Ալթայ» տանկերի համար ուկրաինական շարժիչներ մատակարարելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Այս մասին ուկրաինացի պաշտոնյան հայտնել է թուրքական C4Defence մասնագիտացված լրատվակայքի հետ զրույցում՝ նշելով, որ ներկայում քննարկվում է թուրքական տանկերը 1500 ձիաուժ հզորությամբ 6ՏԴ-3 շարժիչներով համալրելու տարբերակը:

Նշված տեսակի շարժիչը նախագծվել է Խարկովի գործարանում, սակայն դեռևս սերիական արտադրության չի դրվել: Ռուսաստանյան «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» (BMPD) բլոգը հայտնել էր, որ հաշվի առնելով Ուկրաինայի տնտեսական վատ դրությունը՝ ներկայում այդ շարժիչի արտադրությունը սկսելը կասկածելի է թվում:

Ուկրաինական արտադրության 6-ՏԴ3 տանկի շարժիչ

Ուկրաինական արտադրության 6ՏԴ-3 տանկի շարժիչ

Մինչ այս՝ 2017 թ. հունվարին, թուրքական շարժիչների արտադրության և վաճառքի «Թյումոսան» (Tümosan) ընկերությունը դադարեցրել էր «Ալթայի» շարժիչների արտադրության նախագծի շուրջ համագործակցությունը ավստրիական AVL List ընկերության հետ։ Սրան հաջորդել էր «Թյումոսան» ընկերության հետ տանկերի համար 1800 ձիաուժ հզորությամբ շարժիչների արտադրության պայմանագրի չեղարկումը:

Ուկրաինայի հետ հնարավոր բանակցությունը խոսում է արդեն նրա մասին, որ Թուրքիան առհասարակ դադարեցնում է տեղում շարժիչներն արտադրելու նախագիծը՝ նախապատվությունը տալով դրանց ներկրմանը: Սակայն այս հարցում ևս կարող են մի շարք դժվարություներ ի հայտ գալ, առնվազն՝ տեսանելի ապագայում:

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ

Խարկովի գործարանը 6ՏԴ-3 տեսակի շարժիչների նախագծումը սկսել է դեռևս 1980-ական թթ.: Սակայն այդ շարժիչները մինչ օրս դեռևս չեն արտադրվել: Դրանք գործարկելու պարագայում ուկրաինական կողմը նախատեսում է փոխարինել տեղական արտադրության Տ-84 «Օպլոտ» տանկերի 6ՏԴ-2 շարժիչները: Նշված ավելի հին սերնդի շարժիչի հզորությունը մինչև 1200 ձիաուժ է:

Անդրադառնալով առհասարակ «Ալթայ» տանկերի արտադրությանը՝ նշենք, որ մինչ օրս բարդագույն խնդիրը մնում է տանկի շարժիչի հարցը: Սկզբնական հատվածում թուրքական կողմը հայտարարում էր, որ հարավկորեական K2 Black Panther տանկի լուծումներով ստեղծված «Ալթայի» վրա նախատեսում են տեղադրել գերմանական 1500 ձիաուժ հզորությամբ MTU շարժիչներ, այնուհետև խոսվում էր ճապոնական շարժիչների տեղադրման հնարավորության մասին: Սակայն երկու դեպքում էլ կողմերը չէին համաձայնում Թուրքիային տրամադրել արտադրության տեխնոլոգիաները, ինչպես նաև՝ մասնավորապես Գերմանիան կարող էր արգելք դնել տանկերի հետագա արտահանման նկատմամբ:

Համաձայն նախկինում թուրքական աղբյուրներում տարածված տեղեկությունների՝ նշված տանկերը գնելու հարցում ժամանակին շահագրգռված էր նաև Ադրբեջանը: Մասնավորապես հենց այս դեպքում Գերմանիան հետևում է ԵԱՀԿ-ի 1992 թ. ընդունված համապատասխան որոշմանը և արգելք է սահմանել արցախյան հակամարտության կողմերին զենքի վաճառքի նկատմամբ:

Նշված խոսակցություններից հետո Ադրբեջանն արդեն իսկ Ռուսաստանից ձեռք է բերել առնվազն 100 միավոր Տ-90Ս տանկ: Իսկ թուրքական տանկերի շահագործման հանձնելու ժամկետն առայժմ անհայտ է, թեև թուրքական իշխանությունները մտադիր են այս տանկերի առաջին խմբաքանակը բանակին հանձնել 2020-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *