Թուրքիան դադարեցնում է «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայի տարածքում

Մարտի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ որոշում է ընդունվել դադարեցնել Թուրքիայի զինուժի «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայի տարածքում:

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։

Անվտանգության խորհրդի նիստից հետո Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռուստատեսությամբ ևս հայտարարել է, որ գործողությունը ավարտվել է: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

«Եփրատի վահան գործողության արդյունքում 2.015 քառ կմ տարածք անցել է մեր վերահսկողության տակ: Ալ-Բաբի գրավումով անվտանգություն է հաստատվել: Այնտեղ «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումն է տեղակայվել», — ասել է Յըլդըրըմը:

Թուրքիայի վարչապետը նաև հայտարարել է, որ այսուհետև թե՛ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, թե՛ Թուրքիայի «անվտանգությանը սպառնացող ցանկացած հարցի դեպքում», եթե գործողություն ձեռնարկվի, դա նոր գործողություն է լինելու: Այսինքն անհրաժեշտության դեպքում, եթե Թուրքիան կրկին գործողություններ սկսի Սիրիայում, այն ուրիշ անուն է ունենալու:

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Թուրքիան ըստ երևույթին կասեցնում է հետագա ծավալումը կամ հետագա գործողությունները, բայց ռազմական ներկայությունը շարունակելու է պահպանել:

«Կարծում եմ, որ այն, ինչ ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարվեց «Եփրատի վանահ» գործողության մասին, կարելի է դիտարկել այսպես. գործողության ծավալումը կասեցվում է, դադարեցվում, սակայն  ռազմական ներկայությունը, ուղղակիորեն, և նաև անուղղակիորեն, այլ ուժերի միջոցով ներկայացված, մասնավորապես «Սիրիական ազատ բանակի» ռեսուրսների միջոցով Թուրքիան միանշական կպահպանի: Չեմ կարծում, որ գործողության ծավալման դադարեցումը, կբերի կամ բերելու է նաև ռազմական ներուժի դուրսբերման Սիրիայի տարածքից: Ակնհայտ է, որ Թուրքիան դա կպահպանի, ուղղակի խոսքը գնում է ըստ երևույթին հետագա ծավալման մասին, որովհետև ակնհայտ է, որ այն հավանությունը, որ բոլոր դերակատարաների կողմից տրվել էր Թուրքիային օգոստոսին նախաձեռնելու «Եփրատի վահան» գործողությունը, ուներ Թուրքիայի համար գծված հստակ սահմաններ, որոնք ուղղակի Թուրքիան չէր կարող խախտել»,-նշեց Հովսեփյանը:

Ըստ Լևոն Հովսեփյանի՝ Թուրքիայի ռեսուրսները և քաղաքականությունը ուղղված են եղել նրան, որ Սիրիայի հյուսիսում ունենա ռազմական ներկայություն և հետագայում դա փոխակերպի արդեն քաղաքական կշռի և քաղաքական հաղթաթղի: Սակայն միևույն ժամանակ Թուրքիայի գործողությունները Սիրիայի տարածքում և հետագա ծավալումը պայմանավորված են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի հետ հարաբերություններով և բանակցություններով:

«Որքան էլ Թուրքիան հավակնություններ ուներ ավելի մեծ գործողությունների և ավելի մեծ տարածքների վերահսկման, հասկանալի է, որ Թուրքիայի այդ հավակնությունները սահմանափակվում են արտաքին այլ կարևոր դերակատարների գծած սահմաններով և Թուրքիան չէր կարող դա խախտել: Տվյալ պարագայում կա ռուսական գործոն, կա վերջիվերջո իրանական գործոն, էլ չենք խոսում թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին և տեղի ունեցող գործընթացների մասին», — նշեց Հովսեփյանը:

Ըստ թուրքագետի՝  Ալ-Բաբը համարվում էր եզրագիծ, և դրանից ավելի Թուրքիայի զինուժի ծավալումը անընդունելի է մյուս դերակատարների համար:

Անդրադառնալով «Եփրատի վահան» գործողության արդյունքներին՝ Հովսեփյանը նշեց, որ  «Եփրատի վահան» գործողության դադարեցմամբ Թուրքիայի ռազմական և ռազմաքաղաքական դերակատարությունը սիրիական հիմնախնդրում չի նվազելու:

«Թուրքիան նախ կարողացավ կարևորագույն իր համար ռազմական ներգրավվածություն, ներկայություն ապահովել Սիրիայի հյուսիսում՝ ստեղծելով պայմանական, սեփական նախաձեռնությամբ «անվտանգության գոտի»՝ շուրջ 2000 կմ տարածք, և պահել իր վերահսկողության ներքո: Սա կարծում եմ կարևոր զարգացում էր, և Թուրքիան որոշակիորեն հասավ իր նպատակին: Սա կարևոր խաղաղաքարտ է արդեն Թուրքիայի ձեռքին, և Թուրքիան սա կփորձի օգտագործել ոչ միայն քաղաքական հետագա պրոցեսների շրջանակում, այլև ռազմաքաղաքական գործընթացներում», — նշեց Հովսեփյանը:

Մեզ հետ զրույցում արաբագետ Սարգիս Գրիգորյանը չբացառեց, որ հնարավոր է՝ Թուրքիան այլ գործողություններով, այլ նախաձեռնություններով հանդես գա Սիրիայի հյուսիսային այլ հատվածներում, որոնք ևս բնակեցված են քրդերով:

«Հնարավոր է, որ թուրքերը այլ ուղղությամբ ակտվիություն դրսևորեն, օրինակ Թալ Աբյադի ուղղությամբ: Թալ Աբյադը հյուսիում է ավելի, և այստեղ ըստ էության Թուրքիան կարող է որոշակի ակտիվությամբ, նաև արաբ ցեղերին մոբիլիզացնելով, փորձի քրդերին ճնշել: Այս ուղղությամբ հայտարարություններ էլ կան, այլ բան է, թե դրա առարկայական դրսևորումները ինչպիսի տեսք կստանան, որովհետև եթե քրդերը գնում են դեպի Ռաքքա, քրդերը այսպես թե այնպես թուլանում են, իսկ Թալ Աբյադի հատվածում Թուրքիան շանսեր ունի որոշակի հաջողություններ արձանագրելու», — նշեց Գրիգորյանը:

Խոսելով նաև սիրիական չգնաժամի արդյունքում երկրում կատարվող միգրացիոն գործընթացների մասին՝ արաբագետը նշեց, որ դրանք ևս միջազգային պայմանավորվածության արդյունք են: Ներկայում Սիրիայի Հոմս և այլ նահանգներից թուրքմենական և թյուրքական այլ ցեղերը տեղափոխվում են Ալ-Բաբ՝ Թուրքիայի և նրանց աջակից «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկած տարածքներ:

«Պարզ է, որ այդ հատվածում թուրքերը ուզում են , որ իրենց ցանկալի էթոնադավանական փոքրամասնություն կամ խմբավորումներ լինեն: Թուրքիան ցանկանում է՝ այդ հատվածում քրդեր չլինեն՝ Աֆրինից մինչև Եփրատ հատվածում, կամ ազդեցիկ չլինեն, և ամեն ինչ անում է, որ քրդերը դուրս գան այդ հատվածից»,  — նշեց Գրիգորյանը:

Մինչ այս՝ մարտի 27-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Թուրքիայի զինուժը ներկայում մոտեցել է Սիրիայի հյուսիսային Մանբիջ քաղաքին և շարունակելու է այդ ուղղությամբ շարժվել: Սակայն Թուրքիան այս քայլին չէր կարող գնալ առանց իր գործողությունները սիրիական ճգնաժամի լուծման համար ներգարվված կողմերի հետ համաձայնեցնելու:

Մեզ հետ զրույցում Լևոն Հովսեփյանը անդրադառնալով Մանբիջի խնդրին ևս նշեց, որ առանց մյուս դերակատարների հետ պայմանավորվածության և համաձայնության Թուրքիան չէր կարող գնալ Մանբիջի ուղղությամբ: Ըստ նրա՝ Մանբիջի խաղաղաքարտը գտնվում է այլ ուժային կենտրոնների ձեռքին և Թուրքիայի հնարավորությունները այս առումով սահմանափակ են:

 «Ինչ վերաբերում է Մանբիջին, չափազանց բարդ խնդիր է: Թուրքիան անշուտ շահագրգռված է, որպեսզի վճռականորեն լուծի Մանբիջի խնդիրը, որը դիտարկում է որպես իր համար անվտանգության գործոն, բայց Մանբիջի խնդիրը չափազանց ռիսկային է Թուրքիայի համար, և առանց որոշակի երաշխիքներ կամ հավանություններ ստանալու, Թուրքիան չէր կարող գնալ նման քայլի: Դա կլիներ Թուրքիայի համար արկածախնդրություն և այդ հարցում չկարողանալով համաձայնության գալ կարևոր դերակատարների, մասնավորապես հենց Միացյալ Նահանգների հետ՝ Թուրքիան փորձեց առայժմ ձեռնպահ մնալ այդ գործողություններից», — նշեց Հովսեփյանը:

Մյուս կողմից առկա է նաև Ռաքքայի հարցը և Թուրքիան հնարավոր է մասնակցություն ունենա Ռաքքայի ազատագրման գործողությանը: Սակայն Ռաքքայի հարցում ևս տարաձայնություններ կան ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև: Չնայած ամերիկյան կողմը Ռաքքայի գործողությունների համար դաշնակցում է և աջակցում է քրդական ուժերին, Թուրքիան մի քանի անգամ պահանջել է ԱՄՆ-ից քրդերին դուրս թողնել այդ գործողությունից՝ բնորոշելով Սիրիայի քրդական կառույցները որպես «ահաբեկչական կառույցներ և սպառնալիք Թուրքիայի անվտանգության համար»:

Խոսելով այս մասին՝ Հովսեփյանը նշեց, որ Ռաքքայի գործողությունները արդեն պլանավորված են, սակայն անորոշություններ կան կապված Թուրքիայի մասնակցության հետ:

«Թուրքիան հիմա կենտրոնացած է բանակցային այն գործընթացում, թե վերջիվերջո ինչպիսի մասնակցության, ձևաչափ, ինչպիսի դերակատարություն պետք է վերապահած լինի իրեն, և Միացյալ Նահանգները ինչպիսի ընտրություն կկատարի Թուրքիայի հարցում: Սրանով պայմանավորված՝ արդեն Անկարան կորոշի իր հետագա քաղաքականությունը, իր հետագա անելիքները նաև Մանբիջի հետ կապված», — ասաց Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը Սիրիայի տարածք է ներխուժել 2016-ի օգոստոսի 24-ից և շուրջ 7 ամիս գործողություններ էր իրականացնում ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, այնպես էլ քրդական ուժերի դեմ: Թուրքիան ամենամեծ կորուստները և ամենաերկար մարտերը մղել է Ալ-Բաբ քաղաքի գրավման համար, որ կարողացան իրենց վերահսկողության տակ վերցնել 2017-ի փետրվարին:

Վերահսկողության գոտիները Սիրիայում և Իրաքում (13 մարտի 2017 դրությամբ)

Վերահսկողության գոտիները Սիրիայում և Իրաքում (13 մարտի 2017 դրությամբ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *