Սիրիայի գործողություններին ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի մասնակցությունը չի քննարկվում. Վիգեն Սարգսյան

Հայաստանի և Ռուսաստանի ԶՈւ համատեղ զորախմբի օպերատիվ պլաններում Սիրիայում համատեղ գործողություններ նախատեսված չեն: Նման բանակցություններ ևս ներկայում չենք վարում: Այս մասին մարտի 29-ին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ չի քննարկվում նաև Սիրիայում իրականացվող գործողություններին Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102 ռազմաբազայի մասնակցությունը:

Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները Երևանի «Էրեբունի» օդանավակայանում թռիչքի ժամանակ

Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները Երևանի «Էրեբունի» օդանավակայանում թռիչքի ժամանակ (արխիվ)

«Պետք է հաշվի առնել, որ Սիրիայում … կա մեծ հայկական համայնք: Եվ բնականաբար բազմաթիվ հարցեր կան, այդ թվում նաև այդ համայնքի անվտանգության ապահովման վերաբերյալ: Եվ Սիրիայի իրավիճակի հետ կապված Հայաստանի Հանրապետության բոլոր գործողությունները մշտապես հաշվի են առնում նաև այս գործոնը», — նշել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Հայաստանն ու Ռուսաստանը, ինչպես նշել է նախարարը, համագործակցում են Սիրիա հումանիտար օգնության մատակարարման հարցերում, կան Սիրիայում հումանիտար գործողությունների իրականացման մի շարք համատեղ ծրագրեր:

Նախարարին հարցն ուղղվել է այն համատեքստում, որ Ռուսաստանը ներկայում չի օգտվում Իրանի Համադան ավիաբազայից, որը կրճատում էր Ռուսաստանի օդուժի ճանապարհը (ՌԴ ԶՈւ ինքնաթիռները Ռուսաստանից Կասպից ծովի, Իրանի և Իրաքի տարածքներով են հասնում Սիրիա): Իսկ Գյումրին, ըստ հարցը տվող լրագրողի, Սիրիայից նույն հեռավորության վրա է, ինչ Իրանի Համադանի ավիաբազան:

2016-ի օգոստոսին Իրանը ռուսաստանյան օդուժին թույլ էր տվել «առանց այդ մասին աղմկելու» օգտագործել Համադանի (Իրանի արևմուտքում) ավիաբազան՝ դեպի Սիրիա թռիչքներ կատարելու և ահաբեկիչների դեմ պայքարի համար: Սակայն այս համագործակցությանը վերջ էր դրվել այն բանից հետո, երբ ռուսաստանյան պաշտոնյաները բարձրաձայնել էին այս համաձայնության մասին:

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում

Դրանից հետո Մոսկվայի և Թեհրանի պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ նոր, զգուշավոր հայտարարություններ են անում ավիաբազաների օգտագործումը վերսկսելու հնարավորությունների մասին:

Միաժամանակ Ռուսաստանն օգտագործում է նաև հենց Սիրիայի Հմեյմիմ ավիաբազան, սակայն Հմեյմիմը չի կարող ընդունել խոշոր ինքնաթիռներ, ինչպիսիք են ՌԴ ԶՈւ ռազմավարական ռմբակոծիչները:

Քարտեզում գծապատկերով ցուցադրված են ՌԴ օդուժի թռիչքները. Համադանից թռիչքները խնայում են մոտ 1200-1300 կմ թռիչքի ծախս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *