Գերմանիան «Ինջիրլիք» ռազմաբազայից իր զորքերը դուրս բերելու համար 8 այլընտրանք ունի

Գերմանիայի իշխանությունների տարածաշրջանում հայտնաբերած 8 այլընտրանքային ավիաբազաներից 6-ը գտնվում են Հորդանանում և Քուվեյթում, ևս երկուսը Կիպրոսում՝ Ակրոտիրի և Պաֆոս ռազմաբազաները: Այս մասին մարտի 29-ին հայտնում է գերմանական Die Welt պարբերականի կայքը:

Թուրքիայի հարավային «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղակայված Գերմանիայի զինված ուժերի ստորաբաժանումները դուրս բերելու համար իշխանություններն ընդհանուր 8 այլընտրանքային ռազմաբազա են գտել «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար:

Գերմանացի օդաչուները Ինջիրլիք ավիաբազայում. նկարը՝ «Ասոշեյթիդ պրես»-ի, 15/12/2015

Գերմանացի օդաչուները Ինջիրլիք ավիաբազայում. նկարը՝ AP, 15/12/2015

Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ իրենց զինված ուժերի ներկայացուցիչներն արդեն այցելել են Հորդանանի, Կիպրոսի և Քուվեյթի այդ ռազմաբազաներ, սակայն Գերմանիան դեռևս պաշտոնապես ոչ մի բանակցություններ չի սկսել այդ երկրների հետ ռազմաբազաների օգտագործման համար:

Ըստ աղբյուրի՝ Գերմանիայի կառավարությունը դիմել է այդ քայլին ձախ սոցիալիստական կուսակցության և կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած «Քրիստոնեական դեմոկրատական միություն» կուսակցության 4 պատգամավորների պահանջին ի պատասխան:

Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների նոր ճգնաժամի սկսման հետ կապված Գերմանիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ կոչ են արել Անգելա Մերկելին դուրս բերել Գերմանիայի ԶՈւ ստորաբաժանումները Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից:

Պատճառն այն է, որ Գերմանիայի իշխանությունները Թուրքիայի ներկայացուցիչներին արգելել են սահմանադրական փոփոխությունների քարոզարշավ անցկացնել Գերմանիայի տարածքում: Դրանից հետո Թուրքիայի նախագահը քննադատել է Գերմանիայի իշխանություններին՝ գերմանական կողմի քայլերը բնորոշելով որպես նացիստական:

ԻՊ դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայի ռազմաբազայում ծառայություն է իրականացնում Գերմանիայի ԶՈւ շուրջ 250 գերմանացի զինծառայող: Բացի այդ, ռազմաբազայում տեղակայված է 6 միավոր Tornado հետախուզական ինքնաթիռ և մեկ բեռնատար-լիցքավորող ինքնաթիռ:  2016-ի նոյեմբերի Գերմանիայի խորհրդարանը հաստատել է ևս մեկ տարով՝ մինչև 2017-ի վերջ, ԻՊ դեմ պայքարում Թուրքիայում տեղակայված գերմանական զինուժի մասնակցության վերաբերյալ մանդատը երկարաձգելու և ընդլայնելու որոշումը:

Հիշեցնենք, որ դեռևս 2016-ի օգոստոսին Գերմանիայի զինված ուժերում քննարկվում էր Թուրքիայի զորքերի և զինտեխնիկայի դուրս բերման հարցը, ինչի պատճառն այն, որ նույն տարվա հուլիսին Թուրքիան արգելել է գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորած պատվիրակության այցն «Ինջիրլիք» ռազմաբազա: Թուրքական կողմի այդ քայլ էլ պայմանավորված էր  նրանով, որ նույն տարվա հունիսին Գերմանիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *