ԱՄՆ-ում վերապատրաստվել է Հայաստանի 210 զինծառայող. ԱՄՆ դեսպան

Հայաստանի ընդհանուր առմամբ 210 զինծառայողներ ավարտել են ԱՄՆ ռազմական դպրոցների տարբեր կրթական-ուսումնական ծրագրեր: ՀՀ ԱԳՆ-ում՝ ԱՄՆ-ՀՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Դեսպանի խոսքի տեսագրությունը հասանելի է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում (ռազմական համագործակցության մասին՝ 15-րդ րոպեից սկսած):

Դեսպանը նաև նշել է, որ Հայաստանի և ԱՄՆ ռազմական ոլորտի համագործակցությունը ներառում է այնպիսի աշխատանքներ, որոնք ուղղված են ռազմաբժշկական կարողությունների զարգացմանը, պաշտպանական բարեփոխումների իրականացմանը:

Դեսպան Միլսի խոսքով՝ Հայաստանի զինված ուժերին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվել են 48 միլիոն դոլարի տեխնիկական սարքավորումներ, ինչպիսիք են բուժական պարագաներ, կրովի (շարժական) ռադիոկայաններ և այլն:

Հայաստանի զինծառայողների ցուցադրական մարզում ԱՄՆ ԶՈւ խորհրդատուների ներկայությամբ

Հայաստանի զինծառայողների ցուցադրական մարզում ԱՄՆ ԶՈւ խորհրդատուների ներկայությամբ (արխիվ)

Միացյալ Նահանգները, ըստ դեսպանի, բարձր է գնահատում հատկապես աշխարհում խաղաղապահ առաքելություններին Հայաստանի օժանդակությունը, քանի որ Հայաստանն անվտանգություն արտահանող երկիր է:

Ռազմաբժշկական ոլորտում դեսպանի նշած համագործակցությունը, հիշեցնենք, վերաբերում է մասնավորապես Հայաստանի զինված ուժերի ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի ստեղծմանը, որը բացվել է 2016թ. հոկտեմբերին: Կենտրոնի դասախոսական և սպայական կազմի վերապատրաստումն իրականացվել է ռազմաբժշկական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության շրջանակում:

Խաղաղապահության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը վերաբերում է Աֆղանստանում և Կոսովոյում ԱՄՆ և ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություններին Հայաստանի զինված ուժերի զինծառայողների մասնակցությանը: Դրանից բացի, ամերիկյան կողմն օժանդակում է ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի ինժեներասակրավորական ստորաբաժանումների վերապատրաստումների հարցում:

Ինչ վերաբերում է պաշտպանական ոլորտի բարեփոխումներին, ապա ԱՄՆ փորձագետները Հայաստանի պաշտպանությանը օժանդակություն են ցուցաբերել ինչպես Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում, այնպես էլ ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության ոլորտի բարեփոխումների ընթացքում:

Ռազմական և անվտանգային ոլորտներում Հայաստանին ԱՄՆ օգնությանը՝ ըստ տարիների և ըստ ծրագրերի, կարող եք ծանոթանալ Ռազմինֆոյի հոդվածում, իսկ առավել մանրամասն՝ մեր պատրաստած աղյուսակում:

Հունվարի 28-ին՝ ՀՀ ԶՈւ կազմավորման օրը, ԱՄՆ դեսպանատան էջը հրապարակել էր նաև ԱՄՆ-ՀՀ ռազմական համագործակցության թվական այլ տվյալներ:

Posted by U.S. Embassy Yerevan on Friday, January 27, 2017

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *