Հետախուզվում է ՀՀ ՊՆ բաժանմունքի նախկին պետ

Հայաստանի քննչական կոմիտեն բացահայտել է խախտումով ՀՀ ՊՆ կողմից զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համար դրակամական փոխհատուցում ստանալու դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում պարզվել են դեպքի հանգամանքները և մեխանիզմը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որպես մեղադրյալ է ներգրավվել 3 անձ:

Նախնական քննության տվյալներով՝ տեղեկանալով, որ զոհված և մահացած զինծառայողների՝ սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող ընտանիքներին բնակարան ձեռք բերելու համար ՀՀ ՊՆ կողմից անհատույց տրամադրվում է պետական ֆինանսական աջակցություն՝ զորամասերից մեկի զինծառայող, ենթասպա Է.Մելքոնյանը և նրա հանգուցյալ եղբոր կինը, որոշել են դիմել՝ աջակցություն ստանալու համար։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ կինն իր որդիների հետ բնակվելիս է եղել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանում, այսինքն՝ նշված ծրագիրը նրանց վրա չի տարածվել:

Այդուհանդերձ, կինը գրավոր դիմում է ներկայացրել առ այն, թե որդիների և սկեսրոջ հետ բնակվում է վարձակալական հիմունքներով, և խաբեության եղանակով ընդգրկվել բնակարանի՝ կարիքավոր ընտանիքների առաջնահերթ ցուցակում։ ՊՆ-ի և այրու միջև 29.06.2012թ. կնքվել է թիվ 2/1 պայմանագիրը, որի հիման վրա՝ վերջինիս փոխանցվել է 21.115.000 ՀՀ դրամ՝ բնակարան ձեռք բերելու համար։

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ նշված գումարից 2 մլն դրամ որպես կաշառք է տրվել պաշտոնատար անձ հանդիսացող, ՊՆ բաժանմունքի պետին՝ նշված անձանց օգտին գործողություններ կատարելու համար։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Է.Մելքոնյանին և նրա հանգուցյալ եղբոր կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Բացի այդ, որոշում է կայացվել ՊՆ բաժանմունքի նախկին պետ Կ. Հարությունյանին ներգրավել որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 315-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում:

Երկու մեղադրյալների մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է: Հանձնարարություն է տրվել օպերատիվ-հետախուզական մարմիններին ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *