Թուրքիայի օդուժը Իրաքում հարվածել է PKK-ի դիրքերին

Մարտի 24-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Իրաքի հյուսիսային Զափ շրջանում հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:

Աղբյուրի համաձայն՝ հարվածների արդյունքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 3 զինյալ: Գործողությունը ավարտելուց հետո Թուրքիայի օդուժի ինքնաթիռները վերադարձել են տեղակայման վայր:

Նշենք, որ մարտի 22-ին Թուրքիայի հարավարևելյան՝ անմիջապես Իրաքին սահմանակից նահանգում PKK-ի զինյալների և Թուրքիայի ուժայինների բախումների արդյունքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող (1, 2):

Նշենք, որ վերջին անգամ Թուրքիայի օդուժը Իրաքի հյուսիսային Զափ և Ավաշին-Բասյան շրջաններում հարվածել է քրդերի դիրքերին մարտի 9-ին:

PKK քրդական կառույցը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում՝ Աբդուլլահ Օջալանի կողմից, ով ցմահ ազատազրկված է Մարմարա ծովի Իմրալը կղզում (Թուրքիայի կազմում)։

PKK-ի և Թուրքիայի ուժայինների միջև բախումները սկսվել են 1984 թվականին և պարբերական դադարներով շարունակվում են մինչև այժմ: Բացի Թուրքիայի ներսում քրդական կառույցի դեմ պայքարից, Թուրքիայի օդուժը հաճախ է հարվածում Իրաքում PKK-ի դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *