Թուրքիայի ՌՕՈւ մի քանի բարձրաստիճան զինվորական կարող են 7,5-15 տարի ազատազրկման ենթարկվել

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի դատախազությունը քրեական գործ է հարուցել Թուրքիայի ռազմաօդային ուժերի 4 բարձրաստիճան սպաների նկատմամբ, որի համաձայն պահանջվում է նրանց 7,5-ից 15 տարվա ազատազրման ենթարկել: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

Ռազմական հեղաշրջման փորձի համար ձերբակալված թուրք գեներալներ

Ռազմական հեղաշրջման փորձի համար ձերբակալված թուրք գեներալներ

Դատախազության պատրաստած մեղադրական ակտում նշվում է, որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Դիարբեքիրի 8-րդ ավիաբազայից մի քանի օդաչուներ առևանգել են 6 միավոր F-16 կործանիչ և ռազմական հեղաշրջման մասնակիցների աջակցելու համար բերել են Անկարա: Այնուհետև հեռացել են և վայրէջք են կատարել «Աքընջը» ավիաբազայում, որը համարվում է ռազմական հեղաշրջման գլխավոր կազմակերպիչ կենտրոնը:

Մեղադրվող զինվորականների թվում են Թուրքիայի օդուժի՝ հարավային Դիարբեքիր նահանգում տեղակայված հարձակողական ՀՕՊ զորքերի միացյալ գործողությունների կենտրոնի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Աթիլլա Դարենդելին և այդ կենտրոնում ծառայած գնդապետ Բյուլենթ Գյուրդողանը, Դիրաբեքիրի 8-րդ ավիաբազայի հրամանատար, գեներալ-մայոր Դենիզ Քարթեփեն, Թուրքիայի օդուժի հրամանատարության գլխավոր քարտուղարի օգնական, գնդապետ Ալի Դուրմուշը:

Աղբյուրի համաձայն՝ մեղադրական ակտը ընդունվել է Թուրքիայի ծանր հանցագործությունների 8-րդ դատարանում:

Զինվորականները մեղադրում են «Թուրքիայի կառավարության գործունեությունը կասեցնելու, խորհրդարանը և սահմանադրական կարգերը վերացնելու փորձ կատարելու և զինյալ ահաբեկչական խմբավորման անդամագրվելու համար»:

Նշենք, որ Անկարայի դատախազությունը ավարտել է Թուրքիայի ժանդարմերիայի զինծառայողների և ժանդարմերիայի հրամանատարության դպրոցների կուրսանտների նկատմամբ հետաքննությունը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Դատախազությունը հետաքննություն է վարել ժանդարմերիայի 325 ծառայողների նկատմամբ, նրանցից 247-ին կալանավորելու, փախուստի դիմաց 4-ը ծառայողի ձերբակալելու որոշում է ընդունվել: Եվս 317 մարդու նկատմամբ դատական գործ է հարուցվել ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը իրականացվել է 2016-ի հուլիսի 15-16-ին: Դրան ներգրավված էին զինված ուժերի բարձրաստիճան սպաների մի մասը, Ստամբուլ և Անկարա էին մտցվել տանկեր, զրահատեխնիկա և անգամ ավիացիա: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» շարժման հիմնադիր Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքել է մեղադրանքը (Գյուլենը ներկայում բնակվում է ԱՄՆ-ում):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *