Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողները ԶՈւ հարավային ռազմական շրջանում զորքերի մարտական պատրաստության հանկարծակ ստուգումների շրջանականում մշակել են պայմանական հակառակորդի հարձակումը հետ մղելու համար նախապատրաստական և պաշտպանության անցման առաջադրանքներ:Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ կայքը:
«Նավգալաու» զորավարժարանում դաշտային վարժանքներին ներգրավել է շուրջ 600 զինծառայող, օգտագործվել է ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումների 100 միավոր զինտեխնիկա և սպառազինություն, այդ թվում նաև ԲՏՌ-82ԱՄ և ԲՏՌ-80 զրահափոխադրիչներ, ինչպես նաև «ԿամԱԶ», «Մուստանգ» զրահապատ մեքենաներ:
Պաշտպանական մարտերի անցկացման ժամանակ մոտոհրաձիգները կատարել են ՌԳԴ-5 նռնակների նետման և ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչների սպառազինությամբ, ՌՊԳ-7 հակատանկային նռնականետներով, «Պեչենեգ» գնդացիրով և ԱԿ-74 ինքնաձիգներով կրակելու վարժանքներ:
Մոտոհրաձիգները կրակ են վարել պայմանական հակառակորդի թեթև զրահապատ տեխնիկայի և կենդանի ուժի ուղղությամբ: Ընդհանուր առմամբ խոցվել է 1500 թիրախ, ծախսվել է ավելի քան 10000 միավոր զինամթերք:
Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանում զորքերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգումները մեկնարկել են մարտի 13-ին։ Ստուգումներին ներգրավված են շուրջ 6000 զինծառայող և 1500 միավոր զինտեխնիկա:
Ռուսաստանի ԶՈւ ՀՌՇ հրամանատարի հրահանգով հանկարծակի ստուգումներ են անցկացվում Կրասնոդարի, Ստավրոպոլի, Աստրախանի, Վոլգոգրադի շրջաններում, Կարաչայ-Չերքեզիայում և Ադիգեայում տեղակայված ՌԴ ԶՈւ զորամիավորումներում և ստորաբաժանումներում, ինչպես նաև Հայաստանում և Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաներում: