Իրանը բալիստիկ հրթիռի 2 փորձարկում է կատարել. FoxNews

Իրանը  երկրի հարավարևելյան Ջասկ քաղաքում գտնվող  ԻՀՊԿ բազայից կատարել է «Ֆաթեհ-110» բալիստիկ հրթիռի 2 փորձարկում։ Առաջին փորձարկումը կատարվել է մարտի 4-ին, հրթիռը չի կարողացել խոցել թիրախը և ընկել է մոտակայքում։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան FoxNews լրատվակայքը՝ հղում անելով ԱՄՆ 2 պաշտոնյայի։

Երկրորդ փորձարկումը կատարվել է մարտի 5-ին։ Փորձարկումը հաջողվել է, և հրթիռը խոցել է 250կմ հեռավորության վրա գտնվող լողացող հարթակը։

Իրանական արտադրության «Ֆաթեհ-110» հրթիռը

Իրանական արտադրության «Ֆաթեհ-110» հրթիռը

Ըստ Janes ռազմական հանդեսի՝ իրանցիները հավանաբար փորձարկել են «Ֆաթեհ-110»-ի մոդիֆիկացիաներից «Խալիջ է Ֆարս» հականավային հրթիռը։

Հիշեցնենք, որ փետրվարին FoxNews-ը հայտնել էր, որ Իրանը Սեմնան քաղաքի մոտակաքում փորձարկել է փոքր հեռահարության «ցամաք-օդ» դասի «Մերսադ» հրթիռը։ Սակայն Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը հերքել էր այս տեղեկությունը։

Ավելի վաղ գերմանական Die Welt պարբերկանը հայտնել էր, որ Իրանը փորձարկել է տեղական արտադրության «Սոումար»  թևավոր հրթիռը, որն ունակ է միջուկային մարտագլխիկ կրել․

Մինչ այդ Իրանը Թեհրանից 225 կմ հեռավորության վրա միջին հեռահարության բալիստիկ հրթիռ էր փորձարկել, որի առնչությամբ հունվարի 31-ին  ՄԱԿ ԱԽ-ն արտահերթ քննարկում անցկացրեց։ Քննարկմանը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարումը  ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևի խախտում էր համարել։

Այնուհետև ԱՄՆ-ն «բալիստիկ հրթիռ կիրառելու և ահաբեկիչներին օժանդակելու համար»  նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ։

Իսկ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ հրթիռի փորձարկումը երկրի պաշտպանական դոկտրինի շրջանակներում է, և այն չի խախտում ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևը։ Նախարարը  փորձարկումը համարել էր հաջողված։

Հիշեցնենք, որ 2017-ի հունվարին Իրանի խորհրդարանը ընդունեց օրինագիծ, որով կառավարությունը պարտավորվում է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել  երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։ Օրինագծով, ի թիվս մի շարք այլ միջոցառումների, նախատեսվում է ավելացնել հրթիռների արտադրությունը։

Իրանական արտադրության «Խալիջ է Ֆարս» հրթիռը

Իրանական արտադրության «Խալիջ է Ֆարս» հրթիռը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *