Ռուսաստանյան առաջին խոշոր ԱԹՍ-ն զանգվածային արտադրության կհանձնվի 2018-ին

Ռուսաստանի Կազանի «Սոկոլ» փորձարարական-կոնստրուկտորային բյուրոյի նախագծման խոշոր «Ալտաիր» անօդաչու թռչող սարքի մշակումը 2017-ին կթևակոխի որոշիչ փուլ: Ծրագրվում է գարնանը կամ ամռանը վերսկսել արդեն նախատիպի փորձարկումների հիման վրա մշակված սարքերի փորձարկումները: Այս մասին հայտնում է RNS գործակալությունը՝ հղում անելով բյուրոյում իր աղբյուրին:

«Ալտաիր» անօդաչու թռչող սարքը

«Ալտաիր» անօդաչու թռչող սարքը

Նշվում է, որ անցյալ տարի արտադրված խոշոր ԱԹՍ-ի օրինակը փորձարկման հաջող փուլ է անցել: Դեկտեմբերին թռիչքները կասեցվել էին: Փորձնական թռիչքներից հետո մշակվել են անօդաչու սարքերի ղեկավարման և կապի համակարգը, թռիչքով վեր բարձրանալու և վայրէջքի սխեման:

Անօդաչու թռչող սարքի թռիչքի և վայրէջի իրականացումն ամբողջովին ավտոմատացված է, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է ղեկավարվել նաև ձեռքով: Մշակման փուլում է նաև անօդաչու սարքի սպառազինությունը: Հնարավորություն կա նաև սարքի վրա տեղադրել արդեն առկա տեխնիկա:

Պլանավորվում է ԱԹՍ-ն սերիական արտադրության հանձնել 2018-ին:

Նշենք, որ 2016-ի ամռանը լրատվամիջոցները հայտնել էին ռուսաստանյան առաջին խոշոր ԱԹՍ-ի թռիչքներ սկսելու մասին: Համացանցում էին հայտնվել անօդաչուի՝ արբանյակից արված լուսանկարները: Նոր անօդաչու թռչող սարքը հիմնականում օգտագործվելու է Արկտիկայում հետախուզական նպատակներով:

«Ալտաիր» անօդաչու թռչող սարքի՝ արբանյակից արված լուսանկարը

«Ալտաիր» անօդաչու թռչող սարքի՝ արբանյակից արված լուսանկարը

Հիշեցնենք, որ Կազանի «Սոկոլ» փորձարարական-կոնստրուկտորային բյուրոն Սանկտ-Պետերբուրգի «Տրանզաս» ընկերության հետ միասին 2011-ի հոկտեմբերին հաղթել էր ՌԴ ՊՆ հայտարարած մրցույթում՝ առաջ անցնելով «ՄիԳ» ինքնաթիռաշինական գործարանից։

Մրցույթը ենթադրում էր մինչև 5 տոննա զանգվածով, առավելագույն բեռնվածության մեծ չափով, թռիչքի մեծ հեռավորությամբ ԱԹՍ-ի ստեղծում, սակայն վերոհիշյալ երկու ընկերությունների հետ կնքած շուրջ 1 մլրդ ռուբլի պայմանագրի համաձայն՝ նրանք պարտավորվում էին մինչև 2014-2015-ը ստեղծել և օդ բարձրացնել ԱԹՍ-ի միայն նախատիպը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *