ԱՄՆ-ն, Իսրայելը և Հունաստանը համատեղ զորավարժություն են անցկացնելու Միջերկրական ծովում

ԱՄՆ-ի, Իսրայելի և Հունաստանի ռազմածովային ուժերը մարտի վերջին Միջերկրական ծովում անցկացնելու են «Noble Dina» եռակողմ զորավարժությունը: Այս մասին հայտնում է Defense News ռազմական հանդեսը:

2016-ի Noble Dina զորավարժությունից. առջևում Հունաստանի ՌԾՈւ Psara F-454 ֆրեգատ, հետնամասում Իսրայելի ՌԾՈւ Sa'ar 4.5 հրթիռային նավ

2016-ի Noble Dina զորավարժությունից. առջևում Հունաստանի ՌԾՈւ Psara F-454 ֆրեգատ, հետնամասում Իսրայելի ՌԾՈւ Sa’ar 4.5 հրթիռային նավ

Եռօրյա զորավարժությանը մասնակցում է նաև Կիպրոսը, սակայն դիտորդի կարգավիճակով: Զորավարժությունը սկսելու է Հունաստանից մարտի վերջին և ավարտվելու է ապրիլի կեսերին Իսրայելի ծովափնյա Հաիֆա քաղաքում, որտեղ տեղակայված է Իսրայելի ռազմածովային ուժերի շտաբը:

«Noble Dina» զորավարժությունն ամենամյա է և անցկացվում է արդեն 7-րդ անգամ, մասնակցելու են ինչպես տարբեր նշանակության վերջրյա ռազմանավեր, այնպես էլ սուզանավեր։ Համատեղ վարժանքների ընթացքում կողմերը հղկելու են ներդաշնակ գործողությունների իրականացումը։

Իսրայելի ծովային ծառայությունների միջազգային համագործակցության ղեկավար Ասսաֆ Բոնեհը հայտնել է, որ Սիրայում շարունակվող քաղաքացիական պատերազմի պայմաններում գնալով ուժեղանում են Եվրոպական տարբեր երկրների հետաքրքրությունները միջերկրածովյան շրջանում էներգետիկ պաշարների հայտնաբերման և այնտեղ ներկայություն հաստատելու ուղղություններով:

«Վիճակը Սիրիայում այս տարածքները շատ գրավիչ է դարձնում մի շարք երկրների ռազմածովային ուժերի համար: Այդ պատճառով դուք կարող եք այստեղ գտնել Ֆրանսիայի նավեր, իտալական, բրիտանական նավեր, որոնք փնտրում են անվտանգ վայրեր հանգստանալու, վարժվելու համար: Այս ամենը լավ հնարավորություն է տալիս մեզ ընդլայնելու մեր համագործակցությունը Հունաստանի, Կիպրոսի և ԱՄՆ-ի հետ, որը մեր ամենակարևոր դաշնակիցն է», — ասել է Բոնեհը:

Բացի այդ, նա շեշտել է, որ Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը միակն են, որոնց հետ Իսրայելը համագործակցությունն ընդլայնելու որևէ նպատակ չունի: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Իսրայելը հույս ունի սերտ համագործակցության եզրեր հաստատել Թուրքիայի նավերի հետ:

Նշենք, որ Իսրայելի ռազմածովային ուժերը նախկինում «Վստահ ջրահարս» (Reliant Mermaid) անվանմամբ ամենամյա զորավարժություն էր անցկացնում Միջերկրական ծովում Թուրքիայի հետ։ Սակայն դրա անցկացումը դադարեցվոց 2010-ից ի վեր՝ այն բանից հետո, երբ իսրայելաթուրքական հարաբերությունները կտրուկ լարվեցին։

Սակայն 2016-ից իսրայելաթուրքական հարաբերությունները կրկին սկսեցին ջերմանալ: 2016թ. հունիսին Իսրայելը և Թուրքիան հասել են հարաբերությունների կարգավորման համաձայնագիր են ստորագրել:

Հարաբերությունների կարգավորման համար թուրքական կողմը 3 հիմնական պահանջ էր առաջ քաշել.

  • 2010-ին տեղի ունեցած «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ զոհվածների ընտանիքներին Իսրայելը $20 մլն-ի փոխհատուցում պետք է վճարի:
  • Իսրայելը պետք է ներողություն խնդրեր Թուրքիայից «Մավի Մարմարայի» միջադեպի համար:
  • Իսրայելը պետք է թույլ տար Թուրքիային հումանիտար օգնություն հասցնել Գազայի հատված:

Սակայն, տարբեր տեղեկությունների համաձայն, Իսրայելը դեռևս չի կատարել այս պահանջներից ոչ մեկը:

Հիշեցնենք, որ 2010թ. մայիսի 31-ին Գազայի հատված մեկնող «Ազատության տորմիղի» միջադեպի ժամանակ Իսրայելի ԶՈւ հատուկջոկատայինները թուրքական «Մավի Մարմարա» նավում սպանել էին Թուրքիայի 9 քաղաքացու, ինչի հետևանքով լարվել էին Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները:

Սակայն մինչ այդ էլ հարաբերությունները լարված էին, ինչը պայմանավորված էր Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող միջազգային տնտեսական համաժողովում Թուրքիայի վարչապետ Էրդողանի պահվածքով, երբ վերջինս, սուր արտահայտություններ հնչեցնելով Իսրայելի հասցեին, հրապարակավ լքեց դահլիճը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *