Պարսից ծոցում ռազմանավերի միջադեպի համար Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին

Մարտի 4-ին՝ առավոտյան ժամը  10։20- 11։00,  Հորմուզի նեղուցն անցնելիս ամերիկյան նավը իրեն ուղեկցող բրիտանական նավերի հետ շեղվել է միջազգային ջրերից և շարժվել այնտեղ գտնվող իրանական նավերի ուղղությամբ՝ նրանց մոտենալով ընդհուպ մինչև 550 մետր։

Այս մասին  հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Մեհդի Հաշեմին՝ հակադարձելով նախօրեին ամերիկյան կողմի արած հայտարարությանը։ Մարտի 8-ին փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Ամերիկյան USNS Invincible նավը

Ամերիկյան USNS Invincible նավը

Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով Պենտագոնի ներկայացուցչին, հայտնել էր, որ մարտի 4-ին  ԻՀՊԿ կատերները մինչև 550 մետր մոտեցել են ամերիկյան USNS Invincible նավին, ինչից հետո ամերիկյան նավը ստիպված փոխել է ուղղությունը։

Ըստ Հաշեմիի՝ «Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում ամերիկյան և բրիտանական նավերի առկայությունը և նրանց ոչ պրոֆեսիոնալ քայլերը վտանգում են տարածաշրջանի անվտանգությունը»։

Նմանատիպ միջադեպեր ԱՄՆ և Իրանի ՌԾՈւ միջև հաճախ են գրանցվում։2017-ի հունվարին ԻՀՊԿ 4 կատեր մինչև 800 մետր մոտեցել էին ամերիկյան «Մահան» ականակիր ռազմանավին, ինչից հետո ականակիրը 3 անգամ նախազգուշացնող կրակ էր արձակել իրանական կատերների ուղղությամբ:

Ամերիկացի նավաստիները  ռադիոկապով պահանջել էին իրանցիներից դանդաղեցնել նավերի ընթացքը, այնուհետև ուղղաթիռ էին օդ բարձրացրել և դրանից ծուխ  բաց թողել, սակայն իրանցիները չէին արձագանքել այս զգուշացումներին, ինչից հետո էլ կատերների ուղղությամբ կրակ էր արձակվել:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *