Թուրքիայի զինուժը Իրաքում հարվածել է PKK-ի դիրքերին

Մարտի 8-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները Իրաքի հյուսիսային Զափ և Բասյան-Ավաշին շրջաններում հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:

Համաձայն աղբյուրի՝ հարվածների արդյունքում ոչնչացվել են քրդական կառույցի մի քանի ապաստարան, թաքստոց և կրակակետեր: Գործողությունն ավարտելուց հետո Թուրքիայի օդուժի ինքնաթիռները վերադարձել են տեղակայման վայր:

Նշենք, որ Թուրքիայի օդուժը վերջին շրջանում հաճախ է հարվածներ հասցնում Իրաքի հյուսիսում PKK-ի դիրքերին: Վերջին անգամ, Թուրքիայի օդուժը հարվածել է քրդական կառույցի դիրքերին Իրաքի հյուսիսային Ավաշին-Բասյան շրջանում փետրվարի 27-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *