Միջադեպ ԱՄՆ և Իրանի նավերի միջև Հորմուզի նեղուցում

Մարտի 4-ին Հորմուզի նեղուցում  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կատերները մինչև 550 մետր մոտեցել են ամերիկյան USNS Invincible նավին, ինչից հետո ամերիկյան նավը ստիպված փոխել է ուղղությունը։

Այս մասին մարտի 6-ին փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցչին։

Ամերիկյան USNS Invincible նավը

Ամերիկյան USNS Invincible նավը

Ըստ գործակալության՝ իրանական կատերները մոտեցել են ամերիկյան նավին և նրան ուղեկցող բրիտանական 3 նավերին ու կանգնել։ Ամերիկացիները փորձել են ռադիոկապ հաստատել իրանցիների հետ, սակայն պատասխան չեն ստացել։ Արդյունքում ամերիկյան նավը փոխել է ուղղությունը։

Իրանը դեռ չի արձագանքել այս հայտարարությանը։

ԱՄՆ և Իրանի ռազմածովային ուժերի միջև սա առաջին միջադեպը չէ։ 2017-ի հունվարին ԻՀՊԿ 4 կատեր մինչև 800 մետր մոտեցել էին ամերիկյան «Մահան» ականակիր ռազմանավին, ինչից հետո ականակիրը 3 անգամ նախազգուշացնող կրակ էր արձակել իրանական կատերների ուղղությամբ:

Ամերիկացի նավաստիները  ռադիոկապով պահանջել էին իրանցիներից դանդաղեցնել նավերի ընթացքը, այնուհետև ուղղաթիռ էին օդ բարձրացրել և դրանից ծուխ  բաց թողել, սակայն իրանցիները չէին արձագանքել այս զգուշացումներին, ինչից հետո էլ կատերների ուղղությամբ կրակ էր արձակվել:

Ավելի վաղ ՝ սեպտեմբերին,  Իրանի  ՌԾՈւ ռազմանավերից մեկը մինչև 91 մետր մոտեցել էր ԱՄՆ ռազմանավին, ինչի հետևանքով ամերիկյան ռազմանավը ստիպված էր եղել փոխել իր ուղղությունը: Օգոստոսին իրանական մեկ այլ ռազմանավ կրկին մոտեցել էր ամերիկյանին, ինչից հետո ԱՄՆ ռազմանավը 10 նախազգուշացող հրթիռներ էր արձակել, բայց Իրանի ռազմանավը շարունակել էր մոտենալ: Արդյունքում ԱՄն ռազմանավը հեռացել էր տարածքից:

2016-ի հունվարին էլ  ԻՀՊԿ-ն  Պարսից ծոցում ձերբակալել էր ԱՄՆ զինված ուժերի 10 զինծառայողների և առգրավել նրանց ռազմական պարեկային կատերները: Տարվա ընթացքում Իրանի և ԱՄՆ ռազմածովային ուժերի միջև գրանցվել են այլ միջադեպեր ևս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *